Բացել լրահոսը Փակել լրահոսը
68688932_1623686031096268_634885995589795840_n
A A
Հասարակություն

Ի՞նչ փուլում է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը (տեսանյութ)

2017թ․ սեպտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգ։ Ըստ այդմ՝ բոլոր բժիշկները թղթային ամբուլատոր քարտի փոխարեն պետք է տվյալների մուտք կատարեն էլեկտրոնային առողջապահության համակարգ։ Առողջապահության  ազգային ինստիտուտի էլեկտրոնային  առողջապահության  ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը նշեց, որ համակարգի ներդրումից հետո քիչ բժիշկներ են անձամբ  մուտքեր կատարում համակարգ։ Ըստ տիկին Սարգսյանի՝ ի սկզբանե վերապատրաստումը սկսվել է ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների հետ։

«Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2420 դյուրակիր  համակարգիչ, որոնք բախշվել են բուժհաստատություններին»,- ասաց Ծաղկանուշ Սարգսյանը։

Համակարգը արդյունավետ չի գործում, այն իրավիճակը, որն առկա է բուժհաստատություններում,  տխուր է, կարծում է «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, առողջապահության իրավունքի մասնագետ Վիոլետա Զոփունյանը։ Նրա խոսքով՝ տվյալներ մուտքագրողները հաճախ են  տեխնիկական խնդիրների հետ առնչվում։

«Բուժհաստատություններում մեր արած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բժիշկներից մի քանիսն են, որոնք օգտագործում են և կարող են համակարգից օգտվել, մեծամասնությունը օպերատորներն են, իսկ նրանք մասնագիտությամբ  բժիշկ չեն և  նույնիսկ այն հատվածում, որտեղ պետք է հիվանդության կոդը նշեն, իրենք դժվարություն են ունենում, եթե բժիշկը դրանք չի լրացրել»,- հայտնեց նա։

Խնդիրները միայն տեխնիկական չեն։ Վիոլետա Զոփունյանը նշեց, որ իրավական դաշտում նույնպես խնդիրներ կան։ Օրինակ՝  բուժաշխատողի աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ նա պետք է տվյալներ մուտքագրի էլեկտրոնային առողջապայության համակարգում։ Անձնական տվյալների պաշտպանությունը նույնպես վտանգված է։

«Այս ամենը կարգավորման առարկա պետք է դարձնենք»,- ընդգծեց նա։

 Անդրադառնալով Վիոլետա Զոփունյանի դիտարկումներին՝ Ծաղկանուշ Սարգսյանը ընդունեց՝ տեխնիկական խոչընդոտներ կան, բայց դրանք շտկվում են՝ իրենք այդ ուղղությամբ աշխատում են, և փոփոխություններ կան։

Ինչ վերաբերում է օպերատորներին, ապա ըստ նրա՝ նրանք բժշկական տվյալներ մուտքագրել չեն կարող։

«Այս պահի դրությամբ իրենք մուտքագրում են միայն ֆինանսավորվող դեպքեր, այսինքն՝ ֆինանսական տվյալներ և  մի փոքր բժշկական տվյալներ, որոնց հետ  ես էլի համաձայն չեմ, բայց 10 տարի է՝ իրենք այդ նույն ձևով մուտքագրումներն անում են, և սկզբում որպես օպերատոր աշխատելու վերապատրաստվել են բուժքույրերը։ Վերցրել են մարդիկ, որոնք  համակարգչի տիրապետում են, որովհետև 10 տարի առաջ գտնել բուժքույրերի, որոնք համակարգչի են տիրապետում և կարող են գործը անել և գործընթացը առաջ գնալու համար, տնօրենները որոշել են գործը դնել այն մարդկանց վրա, որոնք ավելի լավ կարող են հարցերը լուծել»,- հավելեց նա։