Բացել լրահոսը Փակել լրահոսը
68935254_2342902582637843_7845445008156000256_n
A A
Մարզեր

ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները Գյումրիում են․ կուսումնասիրեն պատմական միջուկը

Գյումրին ինչպե՞ս կարող է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ , ի՞նչ գործընթաց պետք  անցնի, եւ քանի՞ տարի հետո կարելի է սպասել այդ հաջողությանը: Հարցերն այսօր քաղաքապետ Սամվել Բալասանյանը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդիի եւ պատմական կառույցների սեյսմիկ անվտանգության մասնագետ Անդրեա Ջիաննանտոնիի հետ:

Հյուրերը Գյումրի երեկ են ժամանել, հասցրել են մի քանի թանգարանում լինել, շրջել պատմական միջուկում: Անդրեա Ջիաննանտոնին ասում է՝ առաջին հայացքից պարզ է, որ պատմական կառույցները լավ են պահպանված, չնայած կան նաեւ լուրջ խնդիրներ:

«Իմ տպավորությունն այն է, որ խնդիրները հեշտությամբ ենք կարգավորելու: Մենք տպավորված ենք 19-րդ դարի կառույցներով, որոնք իրենց մեջ կրում են ավելի վաղ շրջանի տարրեր»,-ասաց նա:

Քաղաքապետը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին ասաց՝ շատ է ուզում, որ Գյումրու պատմական կառույցները  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մասը դառնան:

Ջիովաննի Բոկկարդիին էլ ընդգծեց՝ դա պետության համար մեծ պատիվ կլինի:

Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ գործընթացը բավական երկարատեւ է: Նվազագույնը 4 տարի է պետք՝ Գյումրին համաշխարհային ժառանգության նախնական անվանական ցանկում ընդգրկելու, հետո արդեն ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու, փաստաթղթային փաթեթը կազմելու, կառույցներն ուսումնասիրելու, գնահատելու համար:

«Հայկական կողմը պետք է հիմնավորի, թե ինչու են Գյումրու այդ շենք-շինությունները  համարվում համաշխարհային բացառիկ արժեքներ եւ ինչու պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվեն»,-քաղաքապետին ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին: Սամվել Բալասանյանն ասաց՝ խնդիր չկա, կհիմնավորեն:

Ծրագրի երկրորդ բաղադրիչը վերաբերում է այդ կառույցների պահպանությանը: Մասնավորապես շեշտադրված է աղետների ռիսկերի նվազեցումը:

«Մենք այստեղ ենք  ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ  դեսպանի առաջարկով,  որպեսզի կարողանանք տեխնիկական աջակցություն ցույց տալ Գյումրիին պատմամշակութային ժառանգությունը պահպանելու երկրաշարժերի եւ սեյսմակայունության տեսակետից, քանի որ  Գյումրին սեյսմավտանգ գոտում է : Կարեւոր է այն, թե  պետությունը, քաղաքային իշխանությունը կամ համայնքն ինչպե՞ս է պատրաստվում պահպանել պատմամշակութային ժառանգությունը, որ հաջորդ երկրաշարժը չկարողանա լրջագույնս վնասել դրանք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բոկկարդին:

Հանդիպման ավարտին խորհրդանշական նվերներ ստացան հյուրերը:  ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները Գյումրիում կմնան մինչեւ ուրբաթ, կշրջեն քաղաքում, կուսումնասիրեն պատմական միջուկը: Ընդհանուր պատկերացում կկազմեն պատմական ժառանգության մասին եւ կսպասեն Գյումրու կողմից կազմվող նախնական անվանական ցանկին: