Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Դիտավորյալ վառում են ու մենք պիտի կարողանանք ջրի երես հանել դա. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

Օգոստոսի 20-ին, ժամը 16:00-ին, ԱԻ նախարար-օպերատիվ շտաբի պետ Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները:

Հանդիպման սկզբում նախարարը ներկայացրեց Հայաստանում առկա հրդեհավտանգ իրավիճակը, նշելով, որ հրդեհների թիվը կտրուկ աճել է:

Դրանով պայմանավորված, օրվա առանձին ժամերին Փրկարար ծառայությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով:

Մասնավորապես, օգոստոսի 20-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 6796 հրդեհ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4340-ի դիմաց:

Երևանում հրդեհների թիվը ավելացել է շուրջ 1000-ով:

Նախարար Ցոլակյանը նշեց, որ այս թվերը պետք է զգաստացնեն հասարակությանը, իսկ պատկան մարմիններին ստիպեն աշխատել առավել կազմակերպված:

Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց, որ ԱԻՆ-ը աղետներին վերաբերող բոլոր դեպքերում ունի ֆունկցիոնալ գործառույթ, բայց մյուս գերատեսչությունները պետք է բարձր արդյունավետությամբ աշխատեն նույն նպատակադրումով, որով էլ պայմանավորված է աշխատանքային խմբի ստեղծումը:

Նախարարը տեղեկացրեց, որ ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին տվել է հանձնարարական, համաձայն որի բարդության որոշակի աստիճան ունեցող դեպքերի մասին կահազանգեն շտաբի անդամներին, ըստ ոլորտների համապատասխան պարտադիր կազմակերպական աշխատանքներ կատարելու համար:

Ֆելիքս Ցոլակյանը շտաբի անդամներին առաջարկեց գնահատել աղետածին վտանգների լրջությունը և հավաքական կազմակերպվածությամբ փորձել դիմագրավել:

Նախարարը նկատեց, որ աղետները հիմնականում տեղի են ունենում անսպասելի և անակնկալ, ուստի պետք է ձևավորել աղետների հնարավոր կանխատեսման և արձագանքման արդյունավետ մեխանիզմներ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով, որը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալները, ըստ անհրաժեշտության մարզպետների տեղակալները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես նաև «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը: