Բացել լրահոսը Փակել լրահոսը
1a
A A
Հասարակություն

Թոնիրցիները հրավիրել են՝ ականատեսը լինելու իրենց կազմակերպած ավանդական հայկական հարսանիքին

<<Թոնիր>> հարսանեկան գյուղի համահիմնադիրներ Սիրարփի Խոջաբաղյանն ու Հայկ Երանոսյանը անցած տարի դիմեցին ՀՀ Կառավարության կողմից իրականացվող «ներՈւժ» երիտասարդական ստարտափերի ծրագրին, որը նպատակ ուներ տեղացի և սփյուռքից ժամանած հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հարթակներ և հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար: Այդ մասին նշվում է նրանց տարածած հայտարարության մեջ։

Մեկ տարի անց, արդեն որպես հաղթող ու կայացած ստարտափ, թոնիրցիները հրավիրել են Մխիթար Հայրապետյանին ականատեսը լինելու իրենց կազմակերպած ավանդական հայկական հարսանիքին՝ ազգագրագետների ու վավերագրողների օգնությամբ վերականգնված բոլոր ավանդույթներով՝ ալյուրմաղեքի արարողությամբ, մակարապետի ընտրությամբ, հարսնառի գեղեցիկ ծեսով ու, իհարկե, թագվորի ծառի զարդարմամբ, որը նորաստեղծ ընտանիքի խորհրդանիշն է:

<<Շատ եմ կարևորում այսօրինակ միջոցառումները, քանի որ, ցավոք սրտի, ժամանակի ընթացքում մենք շատ ենք հեռվացել մեր  ավանդական արմատներից․ սա է իրական հայկական հարսանիքը և այն պետք է գնահատվի, տարածվի և շարունակական բնույթ կրի>>,- նշեց Մ․ Հայրապետյանը։

Երիտասարդների նպատակը մեկն է՝ ազգայինի բրենդավորում, տարածում և մոռացված լավագույն ավանդույթների վերականգնում: Ու ամենակարևորն այն է, որ այսպիսի նախագծերում նրանց աջակցում է պետությունը՝ սատար կանգնելով ազգային ավանդույթների՝ մոռացության չմատնվելուն ոչ միայն գաղափարապես, այլ նաև ֆինանսապես: