Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նոր Նորքի շուկայի աշխատակիցները հայտնվել են դրսում (տեսանյութ)

Նոր Նորքի շուկայի աշխատակիցներն այսօր դրսում են առևտուր անում։ Ասում են՝ տնօրինությունը հոսանքն անջատել է և արգելել շարունակել աշխատանքը, քանի որ դա «Մեգա մոլի» ավտոկայանի տարածքն է, որն արդեն պատրաստ է շահագործման, եւ իրենք այլևս չեն կարող այնտեղ աշխատել:

Շուկայի աշխատակից Վլադիմիր Հովհաննիսյանը նշում է․

«Ամեն ինչ սկսվեց 6 տարի առաջ, երբ Սամվել Ալեքսանյանը եկավ Մասիվի մեծածախ շուկա և ասեց, որ քանդում է և տեղում նոր շուկա է կառուցելու։ Մենք կիսակառույց շենքում փոշու, շինարարության մեջ աշխատել ենք։ Երկու տարի հետո ավտոկայանը պատրաստ էր, եւ արդեն երեք տարի է, ինչ աշխատում ենք այդտեղ։ 15 օր առաջ մեզ ասեցին, որ՝ պետք է ավտոկայանը ազատեք, մենք բողոքեցինք, սակայն մեզ ասեցին, որ պետք է կանգնենք «Սիթիի» կողքը։ Ասեցինք՝ բա ծածկ, ջուր, զուգարան, պայմաններ տրամադրվելո՞ւ են։ Ասեցին՝ ոչ, պայմանը սենց է՝ պետք է բացօթյա կանգնեք»։

Աշխատակիցը նշում է, որ տնօրինությունն իր խոստումը կատարել է և տարածք տրամադրել է մանրածախ առեւտուր անողների համար, մինչդեռ մեծածած առևտուր անողների համար խոստացված տարածքը չի տրամադրվել։

Մեծածախ առևտուր անողների քանակը, մեր զրուցակցի խոսքով, բավական շատ է՝ 50 հոգուց ավելի։

Նոր Նորքի շուկայի տնօրեն Մարատ Ապյանը «Ա1+»-ին պարզաբանեց, որ աշխատակիցները տեղյակ են եղել, որ ավտոկայանատեղին իրենց տրվել է ժամանակավոր, իրենք էլ համաձայնվել են։ Տնօրենը նշեց, որ իրենք մանրածախ առևտրով զբաղվողներին պատրաստ են տրամադրել տարածքներ շուկայի ներսում, սակայն շատերը նախընտրում են առևտուրն իրականացնել դրսում։ Եվ ավելացրեց, որ մեծածախ առևտրի համար շուկայի հետևի մասում տարածք է տրամադրվել, սակայն աշխատակիցները չեն ցանկացել՝ պատճառաբանելով, որ տրամադրված տարածքը   հարմար չէ առևտրի համար։ Իսկ հետագայում, նրա խոսքով, հնարավոր է ստեղծվեն տարածքներ նաև մեծածախ առեւտուր իրականացնողների համար։