Բացել լրահոսը Փակել լրահոսը
429D7CD8-374C-46ED-B007-7A4D2319C440_w1023_r1_s
A A
Հասարակություն

Զինծառայողի հարազատները բողոքի ակցիա էին անում ՊՆ-ի դիմաց (տեսանյութ)

Մրգաստան գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին անում Պաշտպանության Նախարարության դիմաց։

Նրանք հավաքվել էին՝ ի պաշտպանություն նույն գյուղի բնակիչ Գարիկ Հակոբյանի, ով պաշտպանության բանակի 7 ամսվա ծառայող է։

Հավաքվածները ներկայացրեցին, որ Գարիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս լքել է զորամասը։ Ըստ նրանց՝ զորամասի հրամանատարը զինվորին ծանր հոգեկան վիճակի է հասցրել,  և դա է եղել փախուստի պատճառը։

Հակոբյանի հայրը եկել էր՝ պաշտպանության նախարարի  հետ հանդիպելու և ներկայացնելու իր ձեռքի տակ եղած փաստերը։

Զինվորի հորը ընդունել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է ընթանան իրավական գործընթացներ, եթե ինչ-որ մեկը խոշտանգում է արել,  պետք է իրավական կառույցները դրա հիմքերը գտնեն։

«Եթե ունենանք հանցագործության հիմքերը, ապա խոշտանգողը, ինչ աստիճանի կոչումի ու պաշտոնի անձ լինի, պետք է պատասխանատվություն կրի։ Փաստը այս պահին այն է, որ այդ զինվորը այլ զինծառայողի հետ ունեցել է վեճ, որի ժամանակ հասցրել է մարմնական վնասվածք, որով քրեական գործ է հարուցվել։ Զինվորի զորամասից փախուստը այս դեպքերից հետո է եղել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Զինվորի հայրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որդին առողջական խնդիրներ է ունեցել նախքան ծառայության անցնելը, և դրա համար հատուկ պայմաններում պետք է անցներ ծառայությունը։ Ծառայության ընթացքում որդու մոտ  առողջական խնդիրներ են առաջ եկել։

Այս մասով Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ անկախ իրավական հարցերից՝ զինվորի առողջական խնդիրներին իրենք առաջնային տեղ են տալիս, և կլուծեն այդ խնդիրը։

Հավելենք, որ  զինվորն այս պահին ռազմական ոստիկանությունում է գտնվում։

Տեսանյութը՝ Factor.am-ի