Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչո՞ւ են բացակայում ճանապարհային գծանշումները մայրաքաղաքում (տեսանյութ)

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ճանապարհային գծանշումները բացակայում են, որոշ տեղերում էլ մեկի փոխարեն մի քանիսն է երևում։ 

«Ա1+»-ի հետ զրույցում ՃՈ ճանապարհային երթեւեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը նշեց․

«Հիմա սպասում ենք, փողոցներ կան, որտեղ մենք գծանշում չենք կատարել, որովհետև էդ հատվածում ճաքալցում են են իրականցնում, ասֆալտ են անում,  տեղեր կա, փոսեր կան, մենք չենք կարող բերենք, հիմա էդ հատվածներում գծանշում կատարենք,  5 օր, 10 օր հետո նորից անենք»։

Իսկ «Տուգանք» հասարակական նախաձեռնության անդամ Վահան Ջանոյանն էլ պնդում է, որ ճանապարհային ոստիկանությունը այս հարցում վատ է աշխատում։

«Մենք ունենք շատ փողոցներ, որտեղ գծանշում չկա, հասկանում եմ՝ ասում են  փոսալցման աշխատանքներ պետք է արվեն , բայց դա ուղղակի արդարացում է՝ ինչ-որ բան չանելու, բայց իրենք հանգիստ նստած են, որը անթույլատրելի է»,- ասում է նա։ 

Ըստ ՃՈ պաշտոնյայի՝  իրենք չեն ցանկանում ավելորդ գումարներ ծախսել։ Պարզաբանում են, որ դա մեծ գումարի հետ է կապված, սակայն այն տեղերում, որտեղ հնարավոր են վթարներ, մասնակի գծանշումներ միշտ կատարում են։

Ըստ ՀՀ կառավարության ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջների մասին որոշման՝ հին գծանշումը չպետք է տեսանելի լինի, և քանի որ Երևանում գծանշումը ներկով է կատարվում, մաշվածությունը չպետք է գերազանցի 50 տոկոսը։ 

Մայրաքաղաքում առկա պայմաններում գծանշումների վերոնշյալ վիճակը կարող է խախտումների, ինչպես նաեւ վթարների պատճառ դառնալ։

Ճանապարհային երթեւեկության կազմակերպման հսկողության բաժնի պետը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ՃՈ-ն երբևէ չի տուգանել գծանշումների բացակայության դեպքում արված խախտումների համար, եթե իհարկե դրանք չարամտորեն չեն արված։ Իսկ գծանշումների ամբողջական թարմացման մասին հստակ ժամկետներ դեռևս չկան։

Մանրամասները՝ տեսանյութում