Բացել լրահոսը Փակել լրահոսը
qnn
A A
Հասարակություն

Քրեական հետապնդման հիմքեր չկան․ Քննչականը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)

ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն անդրադարձավ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված փորձագիտական եզրակացությանը և քրեական գործին։

«Իրականացվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, վարույթ իրականացնող մարմինը համագործակցել է ոչ միայն Բնապահպանության նախարարության, այլև` ոլորտի մասնագետների, գիտնականների հետ, նաև հասարակական համապատասխան կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր օղակների հետ»,- նշեց նա։

Իվանյանը փոխանցեց, որ Ամուլսարի հանքի վերաբերյալ կատարված փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո, վերլուծելով փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Վարչության պետի խոսքով՝ ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն․ «Երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի»։

Վերջինիս փոխանցմամբ՝ ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, Ամուլսարի լեռան ստորոտի ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, ինչպես նաև Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա ազդեցություն չի լինի։

Իվանյանը հավելեց, որ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիա»-ի կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ համապատասխան՝ առաջարկելով նաև լրացուցիչ միջոցառումներ։

Լրագրողի դիտարկմանը, թե ըստ որոշ բնապահպանների՝ փորձաքննությունը պետք է անցկացվեր տարվա 4 եղանակներին, որովհետև տարբերություն կա, Յուրա Իվանյանը պատասխանեց․ «Փորձագետներին տրամադրվել են անհրաժեշտ բոլոր ելակետային տվյալները՝ նրանց կողմից օբյեկտիվ հետևությունների հանգելու համար»։

Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է AdvancedResourcesDevelopment (ELARD) ընկերության փորձագետների խմբին։