Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Հասարակություն

Քոչարյանի պաշտպանները 7-րդ բողոքն են ուղարկել ՄԻԵԴ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը 7-րդ անգամ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բողոքի առարկան արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Հունիսի 27-ին մեր կողմից ներկայացվել է միջնորդություն՝ պարոն Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու և նրան կալանքից գրավով ազատելու մասին, սակայն վարույթ իրականացնող մարմինը, որը տվյալ դեպքում Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն է, մեր միջնորդությունը մինչ օրս չի քննել»,-նշեց փաստաբանը։

Հայկ Ալումյանի խոսքով՝ դատարանի պատճառաբանությունն այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այլևս չի կարող քննել այդ միջնորդությունը, քանի որ նրա գործունեությունը կասեցված է, իսկ այլ դատավորի դեռևս չի մակագրվել գործը։

Փաստաբանը նշեց, որ այս ընթացքում կրկին զարգացումներ են սկսվել Սահմանադրական դատարանի շուրջ.

«Մինչև այս ուզում էին բիրտ ուժով ՍԴ-ի մի շարք դատավորներից ազատվել, հիմա այդ բիրտ ուժին զուգընթաց փորձում են առաջարկել կոմպրոմիսային տարբերակ։ Փորձում են ընդունել մի օրենք, որով կշահագրգռեն ՍԴ դատավորներին իրենց ժամկետից շուտ լքել պաշտոնը։ Եթե սա չարվեր պարոն Քոչարյանի գործի հետ կապված, ուղղակի ընդհանուր ինչ-որ նպատակների համար, դեռ կարելի էր քննարկել՝ սա լա՞վ մոտեցում է, թե՞ վատ։ Բայց այս դեպքում ակնհայտորեն երևում է, որ նախագիծն ուղղակիորեն նպատակ է հետապնդում պարոն Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ-ում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն չիրականացնի արդարադատություն»։

Հայկ Ալումյանն օրինագիծը  որակեց «վտանգավոր»։ Նա վստահ է, որ դրա
 շուրջ գործողություններն ուղղված են նրան, որ մինչ Եվրոպական դատարանից և Վենետիկի հանձնաժողովից փոխանցվեն գործի վերաբերյալ որոշումները, Սահմանադրական դատարանի կազմն այլևս առաջվանը չլինի։

Փաստաբանը նշեց՝ փոփոխությունների օրինագծի համաձայն՝ եթե դատավորի նկատմամբ որևէ մեղադրանք լինի, ապա վերջինիս գործունեությունը կկասեցվի, և նա այլևս իրավունք չի ունենա քննելու տվյալ գործը։

«Թեև այս ամենն արվում է Քոչարյանի գործի պատճառով, բայց հետագայում այս լծակը կարող է աշխատել ցանկացած իրավիճակում, երբ դա անհրաժեշտ կլինի գործադիր իշխանությանը»,- ասում է Հայկ Ալումյանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կողմից Արցախի Հանրապետությունից զորքեր Հայաստան բերելուն՝ փաստաբանը նշեց, որ գործի վերաբերյալ նիստերից մեկն իրենց խնդրանքով փակ է ընթացել։

«Հենց այդ նիստի ժամանակ քննվել են վերոնշյալ զորքերի «իբրև թե Հայաստան բերելու» վերաբերյալ փաստարկները։ Մենք պիտի ներկայացնեինք փաստեր, որոնք չպիտի հրապարակային լինեին։ Ներկայացնելուց հետո նույնիսկ դատախազությունը համաձայնեց մեր ներկայացրած փաստարկների հետ»,- ասաց փաստաբան Ալումյանը։