Բացել լրահոսը Փակել լրահոսը
79.thumb
A A
Հասարակություն

Բռնաբարության փորձի համար դատապարտվածը պահանջում է, որ վերանայեն իր գործը

«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Գևորգ Հակոբյանը, որն արդեն ութ տարի է՝ գտնվում է անազատության մեջ, նամակ է ուղարկել «Ա1+»-ին՝ տեղեկացնելով, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է եղել։ Գևորգ Հակոբյանի խոսքով՝ 2011 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 5-ի սահմաններում, աշխատանքից տուն գնալիս Ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցները իրեն ձերբակալում են՝ ասելով, որ ինքը գերեզմանների ճանապարհին մի կնոջ վրա է հարձակվել, նրանից 1000 դրամ է վերցրել և դիմել փախուստի։

«Խաբում, տանում, հասցնում են կենտրոնի բաժին, ինձ դեմ են տալիս մի գործ, որ ես մուտք եմ գործել Մխիթար Հերացի փողոցում գտնվող առաջին հիվանդանոց, բարձրացել եմ երրորդ հարկ, ծնարան, Ա․Հ․-ից 1000 դրամ եմ վերցրել, փախուստի եմ դիմել։ Գործն այդպես կազմում են, քննիչը ներկայացնում է դատարան, դատարանում դատախազը ապօրինի ձևով երկու հոդված է ավելացնում իմ վրա, ոչ քննություն, ոչ մի բան։ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4 րդ կետերով, որ իմ գործը փակեցին, մտան դատարան, դրանից հետո դատախազը հոդված է դնում 139-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 34-րդ հոդված (հանցափորձ) և 138-ի 1-ին մաս, որի համար ինձ տալիս են վերջնական պատիժ՝ 14 տարի։ Ուր բողոքարկել եմ, մերժում են, վաղաժամկետի ժամանակն անցել է արդեն, ներկայացնում եմ, մերժում են, երեկ էլ ստացել եմ պրոբացիայի գրությունը, որը էլի նույնը բանը՝ մերժում։ Փաստաբանները գալիս են, հանրային պաշտպաններ, բերանները ջուր առած նստում, թողնում, գնում էին։ Տուժողը վերոնշյալ կինն է, որից իբրև թե ես 1000 դրամ էի գողացել։ Այդ կինը ցուցմունք է տվել՝ նշելով, որ մեկ ժամ առաջ երեխա է ունեցել, և ժամը երեքի սահմաններում ինչ-որ մի անծանոթ մարդ իր հետ ցանկացել է հարաբերություն ունենալ, ու էդքան մարդիկ չեն տեսել, իսկ տասը բժիշկներ ցուցմունք են տալիս, որ իրենք չեն լսել, բայց լսել ենք Ա․-ից։ Վկաներ էլ չկան։ Ես այդ կենտրոն մուտք չեմ գործել, մատնահետք չկա, բավարար ապացույցներ գոյություն չի ունեցել»,- գրել է Գևորգ Հակոբյանը։

Նա այս հայտարարությամբ ցանկանում է, որ վարչապետն ու ԱԺ պատգամավորները ուշադրություն դարձնեն իմ գործի վրա։ Իր կարծիքով՝ սա իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։ Նա նշել է, որ նաեւ առողջական խնդիրներ ունի․

«Գլխիս մեջ ուռուցք կա, գնալով մեծանում է, հաճախակի ցավեր եմ ունենում, ինձ դատապարտություն չէր հասնում։ Բայց աղի հանքի հոգեբուժարանի բժշկուհի Աիդա Միխաիլովնան, կեղծելով հիվանդության փաստաթուղթը, որ ինձ դատապարտություն չի թույլատրվում, այլ հիվանդանոցային բուժումներ են հատկացվում, կորցրել է, և իր պատճառով ես հիմա ապօրինի նստած եմ կալանքիս մեջ։ Ես այդ մասով դիմել եմ ԱԱԾ, և քրեական գործ է հարուցվել, հիմա հետաքննություն է գնում»,- գրել է Գևորգ Հակոբյանը։

Նա նաև իր նամակում նշել է, իր գործով դատավորը Գագիկ Պողոսյանն է եղել, որն, իր խոսքով, չի ներգրավել իր կողմից բերված վկաներին, որոնք կվկայեին, թե այդ ժամին ինքը որտեղ է եղել։ Բացի դա՝ իր ծնողին թույլ չեն տվել մասնակցել նիստին՝ ասելով, թե ինքը մանկատան երեխա է։

«Բացի դա՝ ինձ տարել են վարչություն, ծեծի են ենթարկել, մատներս մտցրել են դռան արանքները։ Ես Խնդրում եմ իմ գործը վերանայել։ Ծեր մայր  ունեմ, որն էլ չի դիմանում այս վիճակին»,- գրել է Գևորգ Հակոբյանը։