Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Վարչապետը խաբել է ժողովրդին»․ հանրահավաք՝ արտահերթ ընտրությունների պահանջով

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի այսօրվա որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Գրիշա Վիրաբյանի իրրազեկումը սեպտեմբերի 6-ին Ազատության հրապարակում հավաք անելու վերաբերյալ:

«Ա1+»-ի հետ զրույցում Գրիշա Վիրաբյանը ասաց, որ պատրաստվում են հանրահավաք անցկացնել, ապա՝ երթ։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում կառավարական ճգնաժամ է, և վարչապետը ու կառավարական օղակները չեն կարողանում որևէ հարց լուծել։

Գրիշա Վիրաբյանը պնդում է՝ վարչապետը խաբել է ժողովրդին, քանի որ ոչինչ չի կարողանում անել։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ՝ ժողովուրդ, իշխանությունը ձերն է, և բոլորդ վարչապետ եք, սակայն մոռանում է, որ աղքատ երկրում ժողովրդավարություն չի կարող լինել»,- ասում է Վիրաբյանը։ 

Ըստ նրա՝ հարցի միակ լուծումը Սահմանադրության փոփոխությունն ու նախագահական կարգին անցումն է։ 

Իրենց պահանջն այն է, որ մինչև հունվար ամիս անցկացվի հանրաքվե, և այնուհետև արտահերթ նախագահական և Ազգային ժողովի ընտրություններ անցկացվեն։

«Ա1+»-ի հետ զրույցում Վիրաբյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 6-ին կայանալիք հանրահավաքին կմասնակցեն նաև տարբեր խմբեր, ովքեր դեմ են Ստամբուլյան կոնվենցիային, «Սորոսի հովանավորչությանը, ինչպես նաև մի շարք խաղող արտադրողներ, որոնք ևս կներկայացնեն իրենց բողոքները»։ 

«Նիկոլ Փաշինյանը բոլոր խնդիրների լուծումը տեսնում է իր կառավարման երրորդ կամ չորրորդ տարում , բայց մինչև այդ երկրից բան չի մնա, մեր ժողովուրդը հիմա ավելի ռեալ կարող է դատել և գտնել այնպիսի մեկին, ով Նիկոլի համեմատ գոնե ավելի քիչ սուտ կխոսի»,- ավելացրեց Գրիշա Վիրաբյանը։