Անգամ մեկ հոգի եթե բռնության է ենթարկվում, կոնվենցիան պիտի ընդունվի․ իրավապաշտպան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔանի որ ինչպես տեսնում ենք, որ կարդալու եւ հասկանալու հետ կապված խնդիր կա, ես կկարդամ։ Այսօր Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ քննարկումն այսպես սկսեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա ընթերցեց Կոնվենցիայի 1-ին գլխի 1-ին հոդվածը։
Նա նշեց, որ այս կոնվենցիայի շուրջ քննարկում չի տեսնում, այլ շահարկումներ, ինքնահաստատման, ինքնադրսեւորման տարօրինակ ձեւակերպումներ։
«Եթե անգամ մեկ հոգի բռնության է ենթարկվում, ապա այս կոնվենցիան պիտի ընդունվի»,- ասաց Արթուր Սաքունցը։
Քննարկմանը ներկա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ասաց, որ իրականում Ստամբուլյան կոնվենցիայի տեքստը պահպանողական է եւ ոչ մի սկանդալային բան օրենսդրության մեջ չի մտցնում։
«Մենք արդեն մեր Սահմանադրության մեջ ունենք կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության մասին հոդված, եւ այդ իմաստով ոչ մի փոփոխություն չի կատարվելու»,- ասաց նա։
Իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ ասաց, որ ամեն ինչ քնննարկվել է, բացի Ստամբուլյան կոնվենցիայի անհրաժեշտությունից։ Նա նշեց, որ ի վերջո ընտանիքում համերաշխություն պիտի լինի, եւ ոչ մեկ չպիտի բռնության ենթարկվի։
Բացի դա, փաստաբանը նշեց, որ ինքն ուսումնասիրել է եւ ոչինչ չի գտել՝ կապված երրորդ սեռի հետ, ինչն «ամբողջ այս ընթացքում փորձեցին հանրությանը ներկայացնել»։
Փաստաբանի համար անհասկանալի է նաեւ Փաստաբանական պալատի դիրքորոշումը այս կոնվենցիայի վերաբերյալ։
Անդրադառնալով երրորդ սեռի վերաբերյալ խոսակցություններին՝ Արթուր Սաքունցը կոչ արեց տուրք չտալ կեղծ օրակարգին։
Մարիա Կարապետյանը տեղեկացրեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի նախագիծը դեռ չկա ԱԺ օրակարգում։