Մեծ բասկետբոլ Երեւանում
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմին, որն այս տարի առաջին անգամ մասնակցում է Եվրոպայի գավաթի խաղարկությանը, այսօր իր անդրանիկ միջազգային հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ: Մեր թիմը «Միկա» մարզադահլիճում կհյուրընկալի Ռուսաստանի «Վոլոգդա-Չեւակատա» թիմին:
Հիշեցնենք, որ մրցաշարի 1-ին տուրում «Հատիսն» Աթենքում 54:105 հաշվով զիջել է տեղի «Աթինաիկոսին», իսկ «Վոլոգդա-Չեւակատան» իր հարկի տակ պարտվել է թուրքական «Բեշիկթաշին»` 62:80: Հետեւաբար, այսօրվա խաղը սկզբունքային նշանակություն ունի երկու թիմերի համար, քանի որ հաղթող կողմը լավ հայտ կներկայացնի 1/16 եզրափակիչ մտնելու համար:
Մեր հյուրերը Երեւան են ժամանել նոյեմբերի 17-ին, ընդ որում ընդամենը 10 բասկետբոլիստուհիներով, քանի որ թիմի մնացած 6 խաղացողները հիվանդացել են գրիպով: Իսկ ահա «Հատիսը», բարեբախտաբար, կադրային խնդիրներ չունի: Թիմը նախապատրաստվելով առաջիկա խաղին, վերջերս անցկացրեց բասկետբոլի Հայաստանի առաջնության հետաձգված երկու հանդիպումներից առաջինը: Հատիսցիները 108:55 հաշվով հաղթեցին Գյումրու մանկավարժական ինստիտուտի թիմին եւ, կարելի է ասել, գործնականում ապահովեցին հանրապետության չեմպիոնի տիտղոսի նվաճումը:
«Հատիսի» գլխավոր մարզիչ Գեորգի Ղազանչյանը գտնում է, որ թիմն ի վիճակի է հաղթել հենց «Վոլոգդա-Չեւակատային», որն իր կազմով ու ներուժով զիջում է խմբի մյուս երկու մասնակիցներին: Ըստ նրա հիմնական խնդիրը պահեստայինների կարճ նստարանն ու նման խաղերի փորձի պակասությունն է:
Ի դեպ, ինչպես տեղեկացանք «Հատիս» ակումբից, խաղը կսկսվի Երեւանի ժամանակով` 17.30-ին, այլ ոչ թե 18:00-ին, բացի այդ բասկետբոլի սիրահարները դեռեւս կարող են ձեռք բերել հանդիպման տոմսեր 2000 դրամով: