Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ruben-Mehrabyan-2
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը վերածվել է մի մեծ Ադրբեջանի. քաղաքագետ

Պուտինի կառավարման 20 տարիները քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գնահատում է որպես բարդ տարիներ, որոնք նշանավորվեցին Խորհրդային միության փլատակներից ծնված նոր պետությունների զարգացման մի նոր փուլով։

«Ա1+»-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ժամանակ հետխորհրդային սկզբնական շրջանի ազատության, ժողովրդավարության գաղափարները այլասերվեցին եւ մուտացիայի ենթարկվեցին։

«Այդ ամենը բացատրվում էր «կարգ ու կանոնի» անհրաժեշտությամբ եւ նաեւ ամրապնդվում էր նավթի պատմականորեն բարձր, ռեկորդային գներով, ինչը ահռելի ներհոսք բերեց մշտապես փողի դիֆիցիտ ունեցող Ռուսաստան։ Դա նաեւ մեծ գայթակղության վերածվեց ռուսական վերնախավի համար, որպեսզի այդ ամենը դառնար պատճառ մի անասելի, պատմության մեջ չլսված եւ չտեսնված կոռուպցիայի համար, եւ դրա հետ մեկտեղ հետխորհրդային տարածքը ահավոր թալանի վերածվեց։ Արդյունքում մենք ունենք իշխանության տրանզիտի ճգնաժամ»։

1994 թվականի օգոստոսի 9-ին՝ քսան տարի առաջ, Ռուսաստանի վարչապետ նշանակվեց Վլադիմիր Պուտինը: 2000 թվականին Ռուսաստանի նախագահ ընտրվեց Պուտինը, իսկ 2004-ին վերընտրվեց: 2008-ին դարձավ վարչապետ։ Այնուհետեւ՝ 2012-ին, կրկին նախագահ ընտրվեց՝ արդեն վեց տարով։

2018 թվականին չորրորդ անգամ վերընտրվեց՝ մինչեւ 2024 թվականը նախագահելու համար։ Հարցին՝ արդյո՞ք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կվատթարանան, ինչպես կանխատեսում են որոշ վերլուծաբաններ, քաղաքագետը նշեց, որ ինչ էլ լինի, Հայաստանը Ռուսաստանին պատերազմ հայտարարելու եւ թշնամանալու պատճառ չունի։

«Հետխորհրդային տարածքում, փաստորեն, Ռուսաստանը դաշնակից չունի։ Ռուսաստանն ունի կամ վասալներ, կամ թշնամիներ։ Ռուսաստանին այս տարածքում բարեկամ պետք չի, Ռուսաստանին այստեղ պետք է միայն հնազանդություն, իսկ դա կոչվում է ամեն կերպ, բայց ոչ դաշնակցային հարաբերություններ։ Ներկայումս ՀՀ իշխանությունները փորձում են Ռուսաստանի հետ կառուցել ոչ թե 19-րդ դարի գաղութատիրական հարաբերություններին հարիր, այլ՝ 21-րդ դարի քաղաքակիրթ հարաբերություններին հարիր համակեցության մի մոդել։ Ինչ կլինի, պարզ չէ, բայց համենայն դեպս, դա չի լինելու այնպես, ինչպես մտածում է Ռուսաստանը։

Մանավանդ մենք տեսանք, որ ռուսներն իրենք իրենց համար ինչ պրոբլեմներ ստեղծեցին ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ուկրաինայում, նաեւ Մոլդովայում։ Էլ չեմ ասում՝ ամբողջ աշխարհը լարեցին իրենց դեմ, գնում են մեկուսացման, տեխնոլոգիապես այլեւս չեն զարգանում, միջազգային դրամական հոսքերից զրկված են, վերածվել են, կոպիտ ասած, մի հատ մեծ Ադրբեջանի, ամբողջ տնտեսությունը դեգրադացվել է մեկ խողովակի, ինչքան դա կտեւի՝ պարզ չէ։

Հայաստանը, այնուամենայնիվ, փորձում է քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, այդ ընթացքում նաեւ փոխելով այդ համակեցության ձեւը, բայց մյուս կողմից էլ չթշնամանալ՝ հասկանալով, որ եթե ըստ էության՝ շատ մեծ օգուտներ չենք ստանա, բայց մեծ վնասներ կարող ենք ստանալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ այդ հռետորաբանությունը հրապարակային դաշտում պահպանելով՝ կարծես թե Մոսկվայում հասկանում են մի բան, որ ուրիշ Հայաստան չկա, չի լինելու։ Մանավանդ՝ հայկական կողմն ասաց, որ մենք որեւէ ձեւով մեր իրավապայմանագրային պարտավորությունները փոխելու խնդիր չենք դրել մեր առաջ։ Ինչ կստացվի, կապրենք կտեսնենք»,-ասաց քաղաքագետը։

Արդյոք Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը որեւէ ձեւով կազդի՞ Փաշինյան-Պուտին հարաբերությունների, պաշտոնական Երեւանի եւ պաշտոնական Մոսկվայի վրա․

«Մենք տեսնում ենք, եթե դա ազդում էլ է, ապա ազդում է էմոցիոնալ մակարդակի վրա, բայց գործնական առումով ազդեցություն չի լինում։ Այսօր պաշտոնական Մոսկվան աշխատում է պաշտոնական Երեւանի հետ»։

Քաղաքագետը հետեւում է Մոսկվայում տեղի ունեցող ընդդիմադիրների ցույցերին եւ կարծում է, որ ընդդիմադիրները կազմակերպչական, գաղափարական, զանգվածայնություն ապահովելու առումով մեծ աշխատանք ունեն անելու։ «Մյուս կողմից տեսնում ենք՝ այն, ինչ տեղի է ունենում Մոսկվայում՝ զանգվածային ձերբակալությունները, այդ այլանդակությունները, ընդհանրապես քաղաքակրթության հետ որեւէ կապ չունեն։ Հիմա ընդդիմադիրները Ռուսաստանում շատ մեծ ժողովրդականություն չեն վայելում, բայց մենք տեսնում ենք, որ իշխանությունն իր այդ քայլերով ամեն ինչ անում է, որ դա մեծանա երկրաչափական պրոգրեսիայով, մանավանդ ինֆորմացիայի եւ հեռահաղորդակցության այս դարում»,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։