Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայծակնային շախմատի նոր արքան

Սպորտ


Մոսկվայում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ մասնակից Լեւոն Արոնյանը անկայուն հանդես եկավ մրցաշարի երրորդ օրը: Ուշագրավն այն է, որ մեր գրոսմայստերը ընդհանուր առմամբ լավ խաղաց ուժեղ մրցակիցների հետ, բայց ահա ետնապահների հետ պարտիաներում թանկագին միավորներ կորցրեց: Մասնավորապես, նա հաղթեց իրենից 5 միավոր շատ վաստակած Սերգեյ Կարյակինին, ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, սակայն զիջեց ետնապահներ Դոմինգես Լեյնիերին, Արկադի Նայդիշին:


Ի դեպ, վերջին` 42-րդ տուրում, Լեւոն Արոնյանը պարտվեց եւս մեկ ետնապահի` հունգարուհի Հուդիտ Պոլգարին: Այդ «ջենթլմենության» պատճառով նա 21 միավորով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը` իրենից առաջ թողնելով նույնիսկ ադրբեջանցիներ Շահրիյար Մամեդյարովին` 9-րդ տեղ ու Վուգար Գաշիմովին` 11-րդ տեղ, որոնց հետ անցկացրած 4 պարտիաներում վաստակել էր 3,5 միավոր:


Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգացի հրաշամանուկ Մագնուս Կառլսենը, որը 42 հնարավորից վաստակեց 31 միավոր` տանելով 28 հաղթանակ: Իսկ ահա անցած տարվա չեմպիան Վիշվանաթան Անանդն առաջատարից ետ մնաց 3 միավորով, եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սերգեյ Կարյակինին, որը վատակեց 25 միավոր: