Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մոտ օրերս կհայտարարվի գործի ավարտի մասին. Դավիթ Սանասարյանի փաստաբան

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքով գործին, ասել էր․

«Եթե ես չեմ սխալվում, հայտարարվել է գործի ավարտ և առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ գործի օրինականությունը ստուգելու և հետագա ընթացքը որոշելու համար»։

Գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանի հետ։ Նա ասաց, որ տեղյակ է՝ մոտ օրերս կհայտարարվի գործի ավարտի մասին։ 

«Իմ տեղեկություններն այսպիսին են։ Քանի դեռ չեն հայտարարել, պաշտոնապես այն ավարտված չէ։ Մենք դեռ այս պահին նյութեր էլ չունենք։ Եթե վաղը չէ, կարծում եմ՝ մյուս շաբաթվա սկիզբ իրենք կտեղեկացնեն մեզ, կտրամադրեն նյութերը, մենք էլ կծանոթանանք ու մեծ սիրով ԶԼՄ-ների հետ կհամագործակցենք»,- նշեց Սարդարյանը։

Փաստաբանը գործով մանրամասներ չհայտնեց՝ ելնելով նախաքննական գաղտնիքից։ Նա հավելեց, որ այս գործով շատ լուրջ շեշտադրում են դնելու զանգվածային լրատվամիջոցների վրա, ու գործը հնարավորինս թափանցիկ ներկայացնելու են։ 

«Որովհետև այդ մարդը շատ հայրենասեր, օբյեկտիվ աշխատած, ազնիվ անձնավորություն է։ Այդ գործը պետք է հրապարակայնացվի, որ որևէ ստվեր չմնա»,- եզրափակեց նա։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն է․ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին․․․»։

Որպես խափանման միջոց ընտրվել է Հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։

Նույն օրը Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հայտարարելով, որ իր դեմ իրականացվողը շինծու է, և ապացուցման կարիք չունի։