Բացել լրահոսը Փակել լրահոսը
67805544_456077184974099_7020896319086526464_n
A A
Հասարակություն

Ի՞նչ բարեփոխումներ կիրականացվեն «Արաբկիր» այգում (տեսանյութ)

«Արաբկիր» (Մալականի) այգին վերադարձվել է Արաբկիր վարչական շրջանին։ Նախորդ իշխանությունների կողմից այգին 50 տարով  վարձակալության էր տրվել, սակայն գտնվում էր անխնամ վիճակում։ Ոչ բավարար ոռոգման պատճառով 3 հա մակերես ունեցող այգու բուսածածկ հատվածի մի մասը չորացել էր, իսկ լուսավորության բացակայության պատճառով նվազել էր այցելուների թիվը։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի խոսքով՝այգու խնդրով մտահոգ բնակիչների արձագանքը պատճառ է դարձել, որպեսզի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ խնդիրը պահի իր ուշադրության կենտրոնում: Նա նշում է՝ թեև այգին անբարեկարգ է, ի տարբերություն այլ այգիների՝ այն պահպանել է իր տարածքը, որում իր մեծ ներդրումն ունի համայնքի նախկին ղեկավար Ալբերտ Երիցյանը։

Արամ Դանիելյանը նշում է, որ այգին վարձակալներից բացի ունի ենթավարձակալներ: Հանդիպումների արդյունքում նրանց հնարավորություն է տրվել ներկայացնել իրենց զարգացման ծրագրերը, սակայն որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ այգու խնամքը չի կատարվում պատշաճ։ Արդյունքում որոշվել է այգին վերցնել Արաբկիր վարչական շրջանի կառավարման ներքո:

Այգին բարեկարգելու առաջնային ծրագրում նախատեսվում է կայուն և ժամանակակից ոռոգման համակարգի ներդրում և լուսավորության ապահովվում: Որից հետո փուլ առ փուլ կիրականացվեն մյուս աշխատանքները, այգու շրջակայքում կտեղադրվեն աղբամաններ, նստարաններ, կվերականգնվի նաև այգու նախկին ջրային հատվածը:

«Մենք նախատեսում ենք, որ այգում կունենանք մի հատված, որ քանդակագործները կունենան հնարավորություն իրենց քանդակները կատարել բնության գրկում և քանի որ այգին պահպանվող տարածք է լինելու, խնդիրներ չեն առաջանա։ Տարածքներ կհատկացվեն նաև նկարչությամբ զբաղվողների համար, ինչպես նաև կբացվեն բացօթյա գրասենյակներ, հնարավորություն կլինի աշխատել բնության գրկում: Նախատեսվում է այգու և Հրազդանի կիրճի միջև կառուցել արշավային արահետներ և ճանապարհ, որպեսզի այգում գտնվողները հաշված րոպեների արդյունքում հասնեն Հրազդանի կիրճ»։

Վարչական շրջանի ղեկավարը ընդգծում է՝ հանրային տարածքները պետք է ծառայի հանրությանը: Այդ կապակցությամբ կատարվում են ուսումնասիրություններ, և այն այգիներում, որտեղ առկա են ոչ ճիշտ վարձավճարներով սրճարաններ, կառաջարկվեն նոր պայմաններով աշխատանք, որոշներն էլ տարածքից դուրս կմղվեն` տարածքը վերադարձնելով հանրությանը: Հարցին, թե արդյոք սրճարանների ապամոնտաժումը նոր խնդիրներ չի՞ առաջացնի, ղեկավարը պատասխանեց, որ եթե անգամ  խնդիրներ առաջանան, ապա իրենք պատրաստ են հաղթահարել դրանք և խնդիրը լուծել ի օգուտ բնակչության։ Սակայն մտադրված են փոփոխությունները իրականացնել երկխոսությունների և փոխհամաձայնության մթնոլորտում։

«Մեր տնտեսվարողներից ոմանք, ովքեր սովոր էին արտոնյալ պայմաններով վարել իրենց բիզնեսը, այսուհետ պետք է հասկանան, որ պայմանները նույնն են բոլորի համար: Քաղաքային իշխանությունը բիզնեսի համար կանխատեսելի գործընկեր է, և այդպես էլ շարունակելու է:  Ցանկացած օրինական բիզնես կատարող որևէ խնդիր չի ունեցել և չի էլ ունենա: Այլ հարց է, որ նախկինում արտոնյալներ են եղել, ովքեր ուղղակի փորձում են  հանրային տրամադրությունների շրջանակներում մանիպուլացնել հասարակությանը՝ տպավորություն թողնելով, որ այս նոր իշխանությունը խոչընդոտում է բիզնեսին: Այնինչ, նման բան չկա»,- ասաց նա: