Բացել լրահոսը Փակել լրահոսը
Suren Sahakyan
A A
Քաղաքականություն

«Անհասկանալի է, թե դուք ի՞նչ եք անում». Սուրեն Սահակյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը  Գագիկ Ծառուկյանին վերաբերող գործով  դատարան չի գնացել։

 Հուլիսի 22-ին նշանակված նիստի վերաբերյալ դատարանն իրենց ծանուցել է հուլիսի 23-ին և տեղյակ չէ, թե ինչ ընթացք է ունեցել նիստը։ «Բայց սպասում եմ ծանուցման, թե ինչ է որոշվել։ Ենթադրում եմ, որ հետաձգված կլինի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հաղորդում էր ներկայացրել՝«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ ապօրինի զբաղվելու վերաբերյալ: Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործի հարուցումը, ինչն էլ ՔՈ-ն բողոքարկել էր դատախազին, որը քննիչի որոշումը թողել էր ուժի մեջ։ Այն արդեն իսկ հասել է դատարան ու վիճարկվում է դատական կարգով:

Քննիչը քրեական գործ չհարուցելը պատճառաբանել էր նրանով, որ ըստ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի՝ ապօրինի ձեռնարկատիրությունը պետք է զուգորդվի նաև որևէ ընկերությանը հովանավորելու, արտոնություններ ու առավելություններ տալու, դրա համար ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծելու գործողությամբ:

 Մարուքյանի պատասխանը զարմացրել է

Մայիսի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՔՈ-ն հայտարարել էր, որ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ սրճարանի համասեփականատեր լինելու և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերով դիմելու  է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։

Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում Սուրեն Սահակյանն ասաց, որ Էթիկայի հանձնաժողովից իրենց պատասխանել են,որ Ջուլֆալակյանի մասով թղթային տարբերակում նշված է, որ նա «Փարիզյան սուրճ» սրճարանի համասեփականատեր է եղել (մայիսի 29-ին ի պատասխան «Քաղաքացու որոշման» հայտարարության՝Ջուլֆալակյանն ասել էր, որ սրճարանի իր մասնաբաժինը հանձանժողովի հայտարարագրերի ռեեստրում ներկայացված է որպես հասարակական նշանակության շինություն, ինչպես նաև, որ սրճարանի իր մասնաբաժին արդեն իսկվաճառել է)։

«Քաղաքացու որոշում»-ը նաև Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հարցը քննելու մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար նամակներով դիմել էր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակացությանը։

ՔՈ քարտուղարն ասաց, որ Արարատ Միրզոյանը դեռևս չի պատասխանել իրենց նամակին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը հանձնաժողով ձևավորելու առաջարկությամբ հանդես գա, «Լուսավոր Հայաստան»-ը կողմ կարտահայտվի։

«Այդ դեպքում անհասկանալի է, թե դուք ի՞նչ եք անում, թե մեծամասնությունը պիտի համաձայն լիներ, դուք էլ կողմ կամ դեմ լինեք։ Իրենց(ԼՀ պատգամավորների – հեղ․) լիազորությունների մեջ է մտնում առաջարկելը Էթիկայի հանձնաժողով ձևավորել»,- հարցադրում  է  անում Սուրեն Սահակյանը։