Կրկին կդիմենք ԱԺ նախագահին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու համար. ՔՈ քարտուղար
Աջակցիր «Ա1+»-ինՄեր կողմից ձեռնարկած գործընթացը որևէ անձի դեմ չէ: Ավելին, պարոն Ծառուկյանը խնդրի համալիր լուծման առաջին շահառուն է: Խնդրի լուծման դեպքում մենք կունենանք պետություն, որտեղ բիզնեսը տարանջատված է պետական կառավարման համակարգից: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Գերագույն մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ խոսելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացի մասին:
Սահակյանը պատրաստակամություն հայտնեց իրենց սկսած գործընթացում հետևողական լինելու և օրենսդրական բացերը լրացնելու հարցում՝ քաղաքական հարցին իրավական լուծում տալու եղանակով: Սահակյանն ասաց, որ այս խնդրով դիմել են ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, որոնցից միայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է արձագանքել:
ՔՈ ԳՄ քարտուղարը նշեց, որ պատգամավորական մանդատից զրկելու համար երկու մարմին կա, որ կարող է դիմել Սահմանադրական դատարան: Մեկը՝ Ազգային ժողովի խորհուրդն է, մյուսը՝ խորհրդարանի 1/5-րդը: «Մենք կրկին կդիմենք ԱԺ նախագահին, որպեսզի խորհրդի նիստում արդեն իր իրավունքներից և պարտականություններից բխող գործողությունը կատարի, ՍԴ դիմի՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու համար»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այս գործընթացի շարունակականության ուղղությամբ օգտագործելու են տարբեր տեսակի գործիքակազմեր՝ ստորագրահավաք, Հանրային ծառայության մասին օրենքի փոփոխություն, և իրավիճակից ելնելով՝ կտեղեկացնեն հետագա քայլերի մասին:
Իր հերթին, ՔՈ խոսնակ Միքայել Նահապետյանն ասաց, որ քաղաքականության հետևում հանցագործություններ թաքցնելու պրակտիկան ՀՀ քաղաքացիները որոշել են թիկունքում թողնել: «Պետք է անցած լիներ այն ժամանակը, երբ հանցագործները հավաքվում էին, ստեղծում տարբեր քաղաքական միավորումներ, այդ միջոցով արտոնություններ փախցնում, այդ միջոցով թաքնվում քրեական հետապնդումից և որևէ անհարմար իրավիճակում հայտնվելով՝ բղավում, որ իրենց քաղաքական հետապնդման են ենթարկում»,- նշեց ՔՈ խոսնակը: