Հացադուլ անող մայորը արձագանք է ստացել կառավարությունից
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ կառավարության շենքի դիմաց կրկին հացադուլ սկսած պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանն այսօր դադարեցրել է այն։
Պատճառն այն է, որ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունից Խաչատրյանին են փոխանցել իր` հունիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված դիմումի պատասխանը։
Խաչատրյանին տեղեկացրել են նաև, որ իր նամակ մեկ այլ օրինակ փոխանցվել է իր բնակության հասցե։ «Երեկվանից այստեղ եմ եղել, դրա համար էլ չեմ իմացել, որ տուն էլ է ուղարկվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
Վարչապետի աշխատակազմից փոխանցված նամակում զետեղված է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատասխանը Փաշինյանի՝ պահեստազոր մայորի ներկայացված պահանջների (Պաշտպանության նախարարությունից պահանջում է միանվագ փոխանցել զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկը, փոխհատուցում է պահանջում շաբաթ օրերին աշխատելու համար – հեղ․ ) կատարման վերաբերյալ հանձնարարականին։
Պաշտպանության նախարարի պատասխանում մասնավորապես նշված է, որ Ցոլակ Խաչատրյանի իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը ՊՆ մուտքագրվելուց հետո գործով առկա փաստաթղթերը ենթարկվել են հետազոտման։
«Գործն ուսումնասիրվել է նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կողմից, որը հանգել է այն եզրակացությանը, որ Ցոլակ Խաչատրյանին պահեստազոր արձակելու գործընթացում առկա են առերևույթ անճշտություններ և թերացումներ»,- նշված է պատասխանի մեջ։
Փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ Տոնոյանի կողմից տրվել է ծառայողական քննություն անցկացնելու հրատապ հանձնարարություն՝ առկա թերացումները պարզելու, փոխհատուցման հնարավորությունը և կարգը հստակեցնելու նպատակով։


