Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանր օր Արոնյանի համար

Սպորտ

    Լեւոն Արոնյանին դժվար վերջաբան է սպասվում կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտից հետո Մոսկվայում անմիջապես մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են 22 շախմատիստներ, որոնց թվում են նաեւ Տալի հուշամրցաշարի բոլոր 10 մասնակիցները:

Մրցումների առաջին օրը անցկացված 14 տուրից հետո Լեւոն Արոնյանը վաստակելով 7,5 միավոր, ընթանում էր 11-րդ տեղում: Երկրորդ օրը նա թեեւ կես միավոր քիչ վաստակեց, սակայն մրցաշարային աղյուսակում 3 աստիճանով բարձրացավ: Լեւոնը տոնել է 10 հաղթանակ, 9 պարտիա ավարտել է ոչ-ոքի, կրել է 9 պարտություն: Արոնյանին բոլորից շատ «նեղացրեց» Վլադիմիր Կրամնիկը, որը երկու պարտիաներում էլ հաղթանակ տարավ: Մեր շախմատիստը միավոր չի վաստակել նաեւ Սերգեյ Կարյակինի, Պետեր Սվիդլերի, Ռուսլան Պոնոմորյովի, Ալեքսանդր Մորոզեւիչի եւ Եվգենի Նայդիշի հետ պարտիաներում:

28 տուրից հետո աղյուսակը 21 միավորով գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: Նրան 1 միավոր է զիջում աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: 18,5 միավորով 3-րդ տեղում է Սերգեյ Կարյակինը:

Հավելենք, որ մասնակիցները շատ մարտականորեն են տրամադրված եւ արդեն կայացած 308 պարտիաներից 232-ում կողմերից մեկը հաղթանակ է տոնել (76 տոկոս):

Այսօր տեղի կունենան մնացած 14 տուրերի պարտիաները: Լեւոն Արոնյանին դժվար վերջաբան է սպասվում, քանի որ հանդիպելու է իրենից առաջ գտնվող 7 շախմատիստներից 6-ի հետ: