Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վստահ եմ, որ Դ. Գրիգորյանի գործը Ռ. Քոչարյանի գործով կայացրած դատական ակտի հետ որևէ կապ չունի․ փաստաբան (տեսանյութ)

«Փաստաբանների ինքնուրույնությունը և ազատությունը կողջունեի, եթե իմանայի, որ այդ 101 փաստաբաններն իսկապես այն են ուզում, ինչ արտահայտում են, այսինքն, որ Դավիթ Գրիգորյանը քաղաքական հետապնդումների չենթարկվի։ Բայց իմ համար ցավոտ է, որ մեր իրավունքները, կոնկրետ իմ իրավունքը խախտած դատավորին իրենք այդպես ջատագով պաշտպանում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում, խոսելով Դավիթ Գրիգորյանին աջակցող 101 փաստաբանների և նրանց հայտարարությունների մասին, ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը։

«Եվ քանի որ անվերջ զուգահեռներ են անցկացվում, որ դա կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի լսման արդյունքի հետ, ես ընդամենը կարող եմ ասել, որ Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում տրվել է, ինչքանով որ ինձ հայտնի է, մարտ ամսին, երբ նրա վարույթում չի եղել Ռոբերտ Քոչարյանի գործը։ Եվ եթե դրան համապատասխան ընթացք են տվել, ու եթե դա զուգադիպել է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, ասեմ, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի գործով շատ անարդար դատական ակտ է կայացրել, և անարդար դատական ակտ կայացնելու համար դեռևս երևի որևէ անդրադարձ չի արվել»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանը վստահ է, որ Դավիթ Գրիգորյանի գործը Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած դատական ակտի հետ որևէ կապ չունի։ Նա նշեց, որ գուցե դա ընդամենը նպաստել է, որ բազմաթիվ դատավորների գործերով հաղորդումներ են տրվում, և քննչական մարմինները չեն ցանկացել կոշտ մեթոդներ կիրառել համակարգի նկատմամբ, և շատ հաճախ դրանք ավարտվել են քրեական հետապնդում չիրականացնելու որոշումների կայացումով։ Այս անգամ որոշում են ընդունել, որ արդար քննություն ապահովեն, ինչը զարմացրել է շատերին։

«Ես շատ կուզենայի, որ այդ նույն 100 հոգին իմ ու Վահե Գրիգորյանի պաշտպանության հարցում էլ այդպես հետևողական լինեին։ Եվ ուզում եմ նաև հակադարձել իրենց ֆեյսբուքյան պատերին իմ հանդեպ որոշակի կարծիքներ դրած փաստաբաններին։ Ես սովորաբար, որ գնում եմ լրատվամիջոց, իմ ցանկությամբ եմ գնում, ինձ որևէ մեկը ոչ թելադրում է, որ գնամ՝ ինչ ասեմ, ոչ էլ որևէ մեկը կարող է նման բան անել, որովհետև ես միշտ նույնն եմ եղել։ Այ, թող իրենք բացատրեն, թե ինչո՞ւ են միշտ թիմ կազմում, միշտ թիմով հանդես գալիս։ Թե՞ թիմով ապահով է այդ առումով։ Ես որևէ կապ չեմ տեսնում նրանց կողմից դրսևորված իրավունքի շահը իբր բարձր գնահատելու հրապարակված մտքի հետ։ Որովհետև իրավունքի շահը բարձր դասող անձնավորությունները, առավել ևս՝ փաստաբանները, պետք է որ միշտ նույն ձևի մտածեն, միշտ նույն տեսակետն ունենան ու միշտ նույն սկզբունքների մեջ լինեն։ Այս մարդկանցից շատերը գիտեն, թե որ տերերին են ծառայում, և այդ տերերի համար էլ փողոց են դուրս եկել և պաշտպանում են մեր իրավունքները խախտած Դավիթ Գրիգորյանին»,- ասաց Սեդա Սաֆարյանը։