Քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի միջև հնարավոր բանակցություններն ավագանու անդամը տեսնում է վարչապետի նախաձեռնությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը կարծում է, որ «Սանիթեք»-ի կողմից Թբիլիսիում ասուլիս անցկացնելու հայտարարությունը շոու էր։
Անդրադառնալով օրերս Երևանում կայացած «Սանիթեք»-ի ասուլիսին՝ Խաչատրյանն ասաց, որ դա ասուլիս էր ոչնչի մասին, իսկ նույն օրը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հարցազրույցն ուղղակի պատասխան էր ասուլիսին։ Ապագայի վերաբերյալ, ըստ «Լույս» խմբակցության քարտուղարի, որևէ խոսք չկար։
Այդուամենայնիվ, ավագանու անդամը համաձայն է, որ աղբահանության հարցում նոր օպերատորի ներգրավումն «անվտանգության բարձիկն» էր։
«Հիմա մեզ անհրաժեշտ է նոր միջազգային օպերատոր՝ խնդրին լուծում տալու համար», - շեշտեց նա։
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը համամիտ է Խաչատրյանի այն պնդման հետ, որ Թբիլիսիում ասուլիս հրավիրելը շոու էր։
Մարիկյանի խոսքով՝ քաղաքապետարանը այդպես էլ որևէ էական բան չասաց աղբահանության վերաբերյալ, իսկ Մարությանի հարցազրույցն ուղղակի պատասխան էր «Սանիթեք»-ին։
Իսկ քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի միջև հնարավոր բանակցությունները Խաչատրյանը տեսնում է միայն կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ու նախաձեռնությամբ։
«Լույս»-ի քարտուղարի համար նաև անհասկանալի է, թե ինչո՞ւ քաղաքապետարանը չի դիմում դատարան։
Անի Խաչատրյանն ասաց, որ քաղաքապետարանի բերած նոր աղբամանները և «ԿամԱԶ»-ներն ավելի որակյալ չեն, քան «Սանիթեք»-ի մեքենաները և աղբամանները։
Մանրիկյանը մութ անկյունները է տեսնում Հայկ Մարությանի և «Սանիթեք»-ի միջև նամակագրության մեջ, իսկ նրա պահանջով իրեն փոխանցված նամակագրության մի մասն է տրվել, որը «որևէ բան չի ասում»։
Խմբակցության ղեկավարը նշեց, որ ամբողջ նամակագրությունը պետք է հանրայնացվի։
Ըստ Մանրիկյանի՝ «Սանիթեք»-ը չի հրապարակում ամբողջական նամակագրությունը, որպեսզի որպես խաղաքարտ օգտագործի արբիտրաժային դատարանում։
Իսկ, թե ինչո՞ւ քաղաքապետարանը չի դիմում դատարան, ըստ ավագանու անդամի, որովհետև պարտվելու հավանականությունը մեծ է։
Սակայն Խաչատրյանը հակառակ կարծիքին է, համոզված է, որ քաղաքապետարանի՝ հաղթելու շանսեր ավելի մեծ են։
Անդրադառնալով պայմանագրային կետերի խախտումներին՝ «Լույս» խմբակցության քարտուղարն ասաց, որ «Սանիթեք»-ը նախկին իշխանությունների օրոք նույնպես խախտումներ է թույլ տվել՝ թե՛ մեքենաների ներգրավվածության մասով, թե՛ մետաղյա աղբամանների կիրառման մասով։
Խաչատրյան ասաց, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես ժամանակ առ ժամանակ դժգոհություններ ունեցել է «Սանիթեք» ընկերության աշխատանքի վերաբերյալ։