Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի բենեֆիսը

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում հաղթեց Իռլանդիայի այդ տարիքային թիմին` 4:1:

Հաղթանակի սկիզբը դրեց Հենրիխ Մխիթարյանը, որը հաղթող դուրս եկավ երկու պաշտպանների հետ պայքարում եւ բացեց հաշիվը: 60-րդ րոպեին նա կրկին աչքի ընկավ անհատական վարպետությամբ եւ կրկնապատկեց հաշիվը:

Իռլանդացիների բարձրահասակ հարձակվող Քիլիան Շերիդանը թեեւ շուտով գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 10 րոպե անց մեր հարձակվող Հովհաննես Գոհարյանը մոտ 20 մ հեռավորությունից հարվածով գեղեցիկ գոլ խփեց:

Մեր ֆուտբոլիստները չբավարարվեցին ձեռք բերածով եւ խաղավարտից 7 րոպե առաջ 11 մ իրավունք վաստակեցին: Այն վստահ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց դառնալ հեթ-տրիկի հեղինակ:

Հայաստանի երիտասարդականն առաջին հաղթանակը տարավ մրցաշարում: Մեր թիմը 6 խաղից հետո վաստակել է 4 միավոր եւ այժմ զբաղեցնում է նախավերջին` 5-րդ տեղը` իր ետեւում թողնելով հենց Իռլանդիայի հավաքականին:

«Մենք պետք է ունենանք մեր ֆուտբոլային փիլիսոփայությունը, չվախենանք դրանից, միշտ պահպանենք այն, - հանդիպման ավարտից հետո ասաց Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ, դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլեւը, - Այսօր մեր թիմը ցույց տվեց այն ֆուտբոլը, որին վաղուց ձգտում էինք եւ սպասում»:

Իսկ ահա իռլանդացիների գլխավոր մարզիչ Դոնալդ Գիվենսի հիասթափությունն այնքան մեծ էր խոշոր հաշվով պարտությունից հետո, որ նա չներկայացավ մամուլի ասուլիսին: