Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ աչքերով

Սպորտ

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մարզական առաջնություն հաշմանդամների մասնակցությամբ:

Նախ նշենք, որ գոլբոլը մարզաձեւ է կույր եւ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այն խաղային ձեւ է: Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես են գալիս երեքական խաղացողներ: Խաղի ընթացքում մարզիկների աչքերը կապվում են, որպեսզի ստեղծվեն հավասար պայմաններ բոլորի համար: Խաղի նպատակն է ներսում զանգ ունեցող գնդակով գրավել հակառակորդի դարպասը: Խաղադաշտն ունի 18 մետր երկարություն եւ 9 մետր լայնություն, գնդակը կշռում է 1,25 կգ: Հանդիպումը տեւում է 20 րոպե եւ բաղկացած է երկու խաղակեսից` 10-ական րոպեներ: Մարզիկները կանգնում են դարպասի դիմաց եւ հերթով նետումներ կատարում` ձգտելով գրավել 9 մ լայնություն եւ 1 մ բարձրություն ունեցող դարպասները: Բնականաբար, պաշտպանվող թիմի խաղացողները գնդակի ձայնի օգնությամբ փորձում են որսալ այն: Խաղի պայմաններից մեկն այն է, որ հանդիպման ժամանակ մարզադահլիճում պետք է տիրի քար լռություն:

Գոլբոլի Հայաստանի անդրանիկ առաջնությանը մասնակցում են 6 թիմեր: Դրանք նախապես բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում հանդես են գալիս Երեւանի «Նիկան», Ստեփանակերտի «Փոթորիկը», Աբովյանի «Առյուծները», 2-րդում` Երեւանի «Արծիվները», Գյումրիի «Շիրակը» եւ Էջմիածնի «Կայծակը»: Խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը կիսաեզրափակիչում կհանդիպեն զուգահեռ խմբերի 2-րդ թիմերի հետ, իսկ դրանց հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հանրապետության չեմպիոնի կոչումը: Նշենք, որ բացման խաղում «Առյուծներ» թիմը 17:14 հաշվով հաղթեց «Փոթորիկին»:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի համակարգող Վարդուհի Արամյանը, գոլբոլի Հայաստանի անդրանիկ առաջնությունը անցկացնում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան (նախագահ Սամվել Ռոստոմյան), որը հիմնադրվել է 2009 թվականի մարտի 1-ին հենց «Հայկական ճամբար» ՀԿ-ի կողմից:

Մրցաշարը ֆինանսավորել է Եվրոպական Միությունը, իսկ աջակցություն են ցույց տվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, Promo Lend ըկերությունը եւ Union ՍՊԸ-ն: