Բացել լրահոսը Փակել լրահոսը
67476972_651960748546683_3690698133693530112_n
A A
Մարզեր

Ամոջում խմելու ջուր կա, բայց բնակիչներին չի հասնում

Լոռու մարզի Օձուն համայնքի Ամոջ գյուղն ունի 58 տնտեսություն եւ 157 բնակիչ։

Ամոջը խմելու ջուր ստանում է սարերից եկող բնական աղբյուրներից։ Դրանք հավաքվում են ավազանում, նոր բաշխվում բնակիչների մեջ։

Այս պահին գյուղի մոտ 40 տոկոսը խմելու ջրի խնդիր ունի․

«Բնակիչների մի մասը օրերով կարող է ջուր չունենալ, խմելու ջուրը հավաքում են ու այդպես օգտագործում։ Մենք ունենք խմելու ջուր, բայց խնդիրը քայքայված ցանցն է»,- ասում է գյուղի վարչական ղեկավար Հարություն Գալստյանը։

«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ 2000-ականների սկզբին նախատեսվել է փոխել ամբողջ ցանցը, սակայն միայն 200 մետր խողովակ է փոխվել։ Աշխատանքները նորմալ չեն արվել, փոխված հատվածը բաց է մնացել։

Գյուղի ղեկավարը նշում է նաև, որ գյուղում կան բնակիչներ, որոնք խմելու ջուրը օգտագործում են ոռոգման նպատակներով։

Ասում է՝ այն բնակիչներին, որոնք ջրահավաք ավազանին մոտ են ապրում, ջուրն ավելի շուտ է հասնում, նրանք այն օգտագործում են առանց խնայողության, իսկ այն բնակիչները, ովքեր ավազանից հեռու են ապրում, ունեն խմելու ջրի խնդիր։

Վարչական ղեկավարը պատմում է, որ բնակիչներին բազմիցս հորդորել է խմելու ջուրը չօգտագործել ոռոգման նպատակով։

«Հերքում են, ասում են՝ ուրիշ նպատակներով չենք օգտագործում խմելու ջուրը, սակայն բոլորի աչքի առաջ է, տեսնում ենք, որ ոռոգման նպատակով են օգտագործում, ու նույնիսկ պարզապես բաց են թողնում»,- ասում է նա։

Հարություն Գալստյանը գյուղի խմելու ջրի խնդրի միակ լուծումը համարում է բարեգործական կամ ներդրումային ծրագրի իրականացումը։

Ղեկավարն ասում է, որ առաջնայինը ցանցի նորոգումն է։ Սակայն կա նաեւ ջրի որակի հետ կապված խնդիր․

«Ջուրը հավաքվում  է ավազանում և առանց մաքրման բաց է թողնվում։ Այն որևէ մեկի հսկողության տակ չի գտնվում, չկա ջրօգտագործման թույլտվություն»,-ասում է գյուղի վարչական ղեկավարը։