Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131160
A A
Հասարակություն

Արդարադատության նախարարը չմեկնաբանեց Քոչարյանին ազատ արձակած դատավորի դեմ քրեական գործը (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՄԻԵԴ-ի՝ ընդդեմ Հայաստանի կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագծին։

Նա ասաց, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում։ 

«Մենք մշակել ենք նախագիծը և կդնենք հանրային քննարկման»,- նշեց նախարարը։

Վերջինիս խոսքով՝ միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար պետք է բերի հարուցման, այլ հարուցող մարմինն ինքը պետք է գնահատի տվյալ դեպքում դատավորի կողմից առևերույթ նյութական կամ դատավարական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե՞ ոչ:

«Վերջում պետք է ԲԴԽ-ն գնահատի՝ կա՞ կարգապահական վարույթի հիմք, թե՞ ոչ»,- եզրափակեց արդարադատության գերատեսչության ղեկավարը։

Նախարարը գնահատականներ չտվեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործին՝ հորդորելով սպասել դատավարությանը, եթե գործը հասնի այդ փուլին: 

Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի դեմ անցկացվող ստորագրահավաքին՝ Բադասյանը կոչ արեց հանրությանն ուշադիր լինել, թե ինչի տակ են ստորագրում։ 

Հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանվում «սոցիալական ինքնություն» եզրույթը, նա ասաց, որ խոսքը գենդերային ինքնության մասին է, իսկ դա նոր եզրույթ չէ։ 

Իսկ ինչ վերաբերում է պնդմանը, թե արդյո՞ք դրանով կարող է կին կամ տղամարդ լինել և իրեն հայտարարել հակառակ սեռի ներկայացուցիչ և համաձայն Կոնվենցիայի դրույթներից մեկի՝ ապաստան խնդրել Հայաստանից՝ Բադասյանն ասաց, որ Կոնվենցիան կարելի է վավերացնել որոշ վերապահումներով։ 

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից Վենետիկի հանձնաժողովի երկրորդ փոխարինող անդամ առաջադրելուն՝ նախարարն ասաց, որ պատճառն անվստահությունն է ներկայիս փոխարինող անդամի նկատմամբ։ 
 
Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի հիմնական անդամը Հայաստանից  ՍԴ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է, իսկ փոխարինող անդամը՝ Վարդան Պողոսյանը։