Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ.

Ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան մասին:

Ֆրիդրիխ Սողոյանի աշխատանքներում միտքը, զգացմունքը և երևակայությունը հանդիպելով միմյանց՝ ինքնատիպ ձևով վերածվել են դիմաքանդակի, հուշարձանի, մոնումենտալ կոմպոզիցիայի: Լայն է ոչ միայն նրա ստեղծագործության թեմատիկան, այլև աշխարհագրությունը: Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և աշխարհի շատ այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ֆրիդրիխ Սողոյանի ստեղծած կերպարներն ու պատկերներն են՝ իրենց ուրույն ասելիքով:

Եվ այդ ամենի ակունքում Հայաստանն է ու հատկապես Սողոյանի ծննդավայր Գյումրին, որոնց արվեստագետը հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը:

Ֆրիդրիխ Սողոյանը նաև կենդանի կապող օղակ էր Հայաստանի և այն երկրների ու ժողովուրդների միջև, որտեղ իր երկար և բեղուն կյանքի ընթացքում նա ապրել ու ստեղծագործել էր:

Ցավակցում եմ Ֆրիդրիխ Սողոյանի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը: