Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց արտասահմանցիների

Սպորտ

Սանկտ Պետերբուրգում բնակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ, գեներալ մայոր Արամայիս Մարտիրոսյանի հովանավորությամբ Երեւանի «Դինամո» մարզադահլիճում 4-րդ անգամ անցկացվեց հայտնի բռնցքամարտիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ, արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարը,  որին մասնակցեցին 1992-93 թթ ծնված պատանի բռնցքամարտիկները:

Նախկինում հուշամրցաշարը միջազգային կարգավիճակ ուներ, սակայն այս տարի բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի ու «Դինամո» մարզական միության որոշմամբ բռնցքամարտիկներ չհրավիրվեցին արտասահմանյան երկրներից (ի դեպ, մրցումների պաստառների վրա նշված էր, որ մասնակցելու են նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի բռնցքամարտիկները):

Մրցաշարում տոն տվեցին օլիմպիական հերթափոխի սաները, որոնցից չորսը' Նարեկ Աբգարյանը (51 կգ քաշային կարգ), Հայկ Խաչատրյանը (69 կգ), Գոռ Մարգարյանը (91 կգ) եւ Վախթանգ Մկրտչյանը (91 կգ ավելին) կանգնեցին պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Մնացած քաշային կարգերում առաջին տեղերը գրավեցին Կորյուն Սողոմոնյանն (48 կգ) ու Արթուր Քիրաջյանը (64 կգ, երկուսն էլ «Դինամո»), Հովհաննես Բոչկովն (54 կգ) ու Ջոնիկ Տոնոյանը( 57 կգ, երկուսն էլ «Շիրակ» Գյումրի), Հրայր Մաթեւոսյանը (60 կգ, ՀՄՄ), Սերգեյ Թովմասյանը (75 կգ, «Տորք-Անգեղ») եւ Վաչե Գաբրիելյանը (81 կգ, ՀԲԴ):