Բացել լրահոսը Փակել լրահոսը
8120323
A A
Մարզեր

«Իրավիճակն աղետալի է, մտավորականությունը քշված է անկյուն, իսկ արվեստը քայքայված է». Ավետ Տերտերյան

Ինչպես կարելի է գնահատել հայ մշակույթի և մտավորականության իրավիճակը անկախությունից հետո հարցին,  կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը պատասխանել է.

«Իրավիճակն աղետալի է, մտավորականությունը քշված է անկյուն, իսկ արվեստը քայքայված է։ Ժամանակին Հայաստանն ավան էր։ Հայ մշակույթը զարգանում էր այլուր՝ Բաքվում, Թիֆլիսում, Սանկտ-Պետերբուրգում, Պոլսում ու Եվրոպայում, հետո հաջողվեց ակնառու դեմքերին համատեղել Հայաստանում և սաղմնավորվեց բավականին պատկառելի հայ մտավորականություն։ Այժմ այն ներկա չէ, իսկ հայ արվեստի վերականգնման համար, ըստ իս՝ մի քանի սերունդներ կպահանջվեն։ Իրադրությունը նպաստավոր չէ, մասնավորապես «բիզնեսի» վայրենի ծաղկման պատճառով։ Ինչպես ԱՄՆ-ում բիզնեսն արվեստում առավելություն է տալիս «ներկայացմանը»՝ օրինակ շոու-բիզնեսներին կամ ասենք՝ կիրառական արվեստի գործերին... Հայ ժողովուրդը դարեր շարունակ գոյատևել է շնորհիվ իր բարձր ոգեղենության... Ավաղ այսօր այդ էլ մխիթարական վիճակում չէ»։․

Ավետ Տերտերյանն այս մասին ասել է ՝ «Էություն» ամսագրին տրված հարցազրույցում։ Դա 1992 թվականն էր։

Այսօր էլ սակայն, նրա խոսքերն ու մտքերը ավելի քան արդիական են։

Հարցին՝ ի՞նչ կանխազգացում ուներ, երբ 1984-ին գրեց «Երկրաշարժ» օպերան, կոմպոզիտորը պատասխանում է, որ իր կանխազգացումները, թերևս, առնչվում են իր լեռներում 25-ամյա մենակյացության հետ, «երբ հայացքս լեռների վրա սահում էր ուղղահայաց, և ուժգնացնում տիեզերքի զգացողությունը...Մեր ողջ կյանքը ճշմարտության ձգտում է, արվեստագետի առաքելությունն է ստանալ «ինֆորմացիա» և զգացողությունների և հասկացությունների միջոցով փոխանցել մարդկանց...

Երաժշտությունը հիրավի տիեզերական ձայների երկրային արձագանքն է՝ «ծրագրավորված» ինչպես ամեն մի երևույթ։ Երաժշտությունը քաոտիկ հնչում է տիեզերքում, իսկ որպես «ընդունիչ» հանդես եկող երաժշտահանը որսում է այն և համակարգում, իհարկե, եթե օժտված է համապատասխան ընդունակությամբ։ Հակառակ դեպքում, խոսքը միայն երաժշտական «արհեստավորության» մասին է»։

Իսկ, թե ի՞նչ է զգում կամ մտածում արվեստագետը ներշնչման պահին, Տերտերյանը պատասխանում է, որ իր կարծիքով, պետք է մտածել մինչ արարման պահը և արարչության պահին ոչինչ էլ չի զգում։

Իմ պարագայում երաժշտությունը հայտնվում է ամբողջությամբ ու պատրաստի։ Ինձ մնում է միայն գրառել այն և ներշնչանքը մնում է այնքան, որքան անհրաժեշտ է վերջակետին հասնելու համար, որից հետո հոգնությունն ու դատարկությունն իջնում են հոգուս»։

Այսօր Ավետ Տերտերյանը կդառնար 90 տարեկան։