Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մարտի 1-ի չվերացված հետեւանքը. Նախկին քաղբանտարկյալները սպասում են իշխանության քայլին (տեսանյութ)

«Արդարարության վերականգնման համար նախկին քաղբանտարակյալները պետք է արդարացվեն»,- կարծում են «Ա1+»-ի քննարկման մասնակիցները։ «Ա1+»-ի հյուրերն են իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանն ու Վարդան Հարությունյանը, Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար Արմեն Խաչատրյանը։

Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում  է, որ Մարտի 1-ի  դեպքերից բազմաթիվ քաղաքացիներ  հայտնվեցին բանտում եւ դատապարտվեցին ապօրինի որոշումներով։ Վարդան Հարությունյանը, որը խորհրդային շրջանի՝ արդարացված քաղբանտարկյալ է,  կարեւորում է նման գործընթացը։

«Արդարացումը պետք է լինի հիմքը, կամ հիմնաքարերից մեկը, որի վրա այսօրվա իշխանությունը պետք է դնի իր ոտքը եւ ասի եւ մենք ունենալու ենք արդարադատություն, որի արդյունքում երբեւիցե չի լինի քաղբանտարկյալ»,-ասում է Վարդան Հարությունյանը։

Ըստ նրա՝ քաղբանտարկյալների մասին խոսելիս, պետք  է չմոռանալ, թե ինչ զրկանքների են ենթարկվել նաեւ նրանց ընտանիքները։

Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար Արմեն Խաչատրյանը նկատում է, որ Մարտի 1-ին որպես կանոն դատապարտվել են այնպիսի հոդվածներով, որոնցով դժվար է հասկանալ, որ այդ մարդիկ քաղաքական գործունեություն են ծավալել։

Եղել է դեպք, որ քաղաքական ակտիվություն ցուցաբերածին դատապարտել են կավատության հոդվածով, այդ դեպքում այլ տարբերակ չեն գտել «գործ սարքելու» համար։

«Նոր Հայաստանն եկել է, բայց դրա համար պայքարողը դեռ կրում է հանցագործի պիտակը»,-շեշտում է Արմեն Խաչատրյանը։

Իրավապաշտպաններն այս հարցով առաջիկայում նախատեսում են հանդիպում գլխավոր դատախազի հետ։

Ո՞ւմ կարելի է համարել քաղբանտակյալ։  Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հայտարարում են, որ նա քաղբանտարկյալ է։ 

«Ուրեմն Քոչարյանի միջավայրի երբեք չի իմացել՝ ինչ է քաղբանտարկյալ, երեւի իրազեկում պետք է արվի նրանց համար»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Հայտարարելով չեն դառնում քաղբանտարկյալ,-ընդգծում  է Վարդան Հարությունյանը,-Քոչարյանը իր պաշտոնավարումից հետո քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։

«Այսինքն՝ պաշտոնավարման ավարտից մինչեւ իր նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանում չի եղել Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ»,-շարունակում է  նա։

Մանրամասները՝ տեսանյութում