Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեղամ Պետրոսյան
A A
Քաղաքականություն

«Մարտի 1»-ի գործով մեղադրվող  Գեղամ Պետրոսյանը լռել է, լռում է ու լռելու է. պաշտպան

«Մարտի 1»-ի զոհերից մեկի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի գործով վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվել։

«Ա1+»-ի հարցին, թե ե՞րբ է նշանակված վճռաբեկ բողոքի քննությունը, փաստաբան Վաղարշակ Գևորգյանը  պատասխանեց․ «Մինչև բողոքի քննությունը նշանակվի, հայտնի դառնա կամ չդառնա, առնվազն 20-25 օր կտևի, որովհետև Վճռաբեկը բավականին երկար ժամկետների մեջ է տեղեկատվությունը տալիս՝ նկատի ունենալով ծանրաբեռնվածությունը։ Նույնիսկ մինչև 1 ամիս տևում է»։

Գլխավոր դատախազություն ներկայացված միջնորդության ընթացքին անդրադառնալով՝ նա ասաց, որ դատախազությունը քննարկել է և եկել է այն համոզմունքին, որ մերժելու որևէ հիմնավոր հիմք չունի։ «Այսինքն՝ չի մերժել իմ բողոքը, այլ՝ բողոքի քննարկումը հետաձգել է մինչև մի քանի հանգամանքների վերջնական պարզումը։ Որից հետո վերջնական որոշում կկարողանա կայացնել»,- շեշտեց նա։

Հարցին, թե իր պատշտպանյալը այս կապակցությամբ որև բան ասել է, փաստաբանը պատասխանեց, որ Պետրոսյանն առհասարակ չի խոսել, չի խոսելու՝ վստահեցնում եմ, որ միանշանակ չի էլ խոսելու՝ նկատի ունենալով, որ իրականության մեջ այդպիսի դեպք չի եղել (նկատի ունի Պետրոսյանի մեղսագրվող սպանությունը – հեղ․)։

«Մի բանից, որ մարդ անտեղյակ է, չի կարող որևէ կարծիք հայտնել․ դրական կլինի, թե բացասական։ Դրա համար էլ Գեղամ Պետրոսյանը լռել է, լռում է ու լռելու է։ Ինքը հանցագործ չէ, հանցագործություն չի կատարել և այն մեղադրանքը, որի մասին խոսում ենք, իրականության մեջ այդպիսի հանցագործություն չի կատարվել։ 2008 թվականի նրանց նշած օրը՝ մարտի 1-ին, այդպիսի հանցագործություն չի կատարվել։ Սա մենք հայտարարել ենք ու հայտարարում ենք»,- եզրափակեց նա։

Պետրոսյանին հունիսի 6-ին   մեղադրանք էր առաջադրվել  Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով»:

Հունիսի 7-ին Երևանի առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ Պետրոսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։

Այնուհետև առաջին ատյանի որոշումը Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն դատարանը մերժել էր պաշտպանի բողոքը։

Հուլիսի 11-ին պարզ էր դարձել  , որ Պետրոսյանին պատկանող հաշվեցուցակային ատրճանակի մասով կատարվել է  դատաձգաբանական փորձաքննություն։ Եզրակացության համաձայն՝ Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը բոլորովին այլ գնդակ էր եղել, այսինքն՝ Գեղամ Պետրոսյանին ամրակցված ատրճանակից կրակված գնդակները  որեւէ համընկնում չէին ունեցել այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Հովհաննիսյանի մարմնում։

Այս եզրակացությունից ելնելով՝ փաստաբանը ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։