Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0643
A A
Սպորտ

Ի՞նչ է կատարվում Ըմբշամարտի ֆեդերացիայում՝ աշխարհի առաջնությանն ընդառաջ. լրացված (տեսանյութ)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա է։ 

Խնդիրը կապված է Բուլղարիայում կայանալիք պատանիների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներակայացվածության հետ։ 

Ըստ ակցիայի մասնակիցների՝  Հայաստանի պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված  Հոմերոս Առաքելյանը ձեռքի կոտրվածք է ստացել և չի ընդգրկվել հավաքականի կազմում։ 

2-րդ տեղը գրաված Ռաֆիկ Խլղաթյանի քեռու, ինչպես նաեւ ոչ պաշտոնական մարզիչ Բաբկեն Սահակյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք է իր սանն ընդգրկվեր հավաքականի կազմում, սակայն ինչ-ինչ պատճառներով ֆեդերացիան ընդգրկել է 3-րդ տեղը գրաված Արայիկ Թոփալյանին։ 

Սահակյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ըմբշամարտի  պատանիների հավաքականի մարզիչ Գագիկ Խաչատրյանի և Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սամվել Գևորգյանի «մատն է խառը»։ 

Մարզիչը նշեց նաև, որ Արայիկ Թոփալյանը Գևորգյանի կողմից ղեկավարվող Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանակապատանեկան մարզադպրոցի սան է:

Օլիմպիական կոմիտեի դիմաց տեղի ունեցած ակցիայի  կապակցությամբ «Ա1+»-ը զրույց ունեցավ նաև Մուշեղյանի անվան մարզադպրոցի մեթոդիստ Էդիտա Տոնոյանի հետ։

Նա ասաց, որ Ռաֆիկ Խլղաթյանն է հավաքականի մարզչին ասել, թե քանի որ չի մասնակցելու աշխարհի առաջնությանը, ուստի չի ցանկանում շարունակել իր մասնակցությունը Օլիմպավանում ուսումնամարզական հավաքին։ «Էդպես թողել-գնացել է։ Հետո ասել է՝ «Հիվանդ եմ չեմ գալու»»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունում այդ հարցը դրվել է, որպես խախտում է գրանցվել ըմբշամարտիկի հեռանալը և նրա հնարավոր մասնակցությունը աշխարհի առաջնությանը չի դիտարկվել։

«Ա1+»ը կապ հաստատեց նաև Բաբկեն Սահակյանի հետ։ Նա ասաց, որ Խլղաթյանը «լուծ է ընկել», դրա համար է հեռացել հավաքից։ Դրա մասին հետո զանգել և տեղեկացրել են հավաքականի մարզչին։ «Ասել ենք՝ «Իրեն լավ չի զգում, և քանի որ չի լինելու աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականի կազմում, թող չմասնակցի հավաքներին, առողջանա, նոր վերադառնա»։

Մեզ հետ կապ հաստատեց նաև Սամվել Գևորգյանը։ Նա մեզ հետ զրույցում նույնպես ասաց, որ Խլղաթյանն առանց թույլատվության է հեռացել։ «Իրենք եկել, Խաչատրյանին Գագիկին հարցրել են՝ «Մեր տղեն գնալու շան ունի՞», նա էլ պատասխանել է՝ «Ոչ։ Հայաստանի չեմպիոն ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հոմերոս Առաքելյանն է մասնակցելու»։ Ասել են՝ «Որ էդ ձև ա, մենք մեր տղային տանում ենք»»։

Նա նույնպես դիմել է Խլղաթյանին՝ նշելով, որ մնա, որ չեմպիոնի հետ մարզվի, ինչին ի պատասխան, վերջին ասել է, որ եթե չի մասնակցում, չի մնում։

Գրեթե նույն բանն ասաց նաև հավաքականի մարզիչ Գագիկ Խաչատրյանը։ Խաչատրյանն ասաց, որ Սահակյանի այն խոսքը, թե Խլղաթյանը լուծ է եղել  և դրա պատճառով է հեռացել, չի համապատասխանում իրականությանը։

Հարցին, թե ինչո՞ւ է երրորդ տեղ գրաված ըմբշամարտիկներից ընտրվել հենց Արայիկ Թոփալյանը, նա պատասխանեց, որ վերջինս շատ փորձված մարզիկ է, անցած տարվա Հայաստանի չեմպիոն։ Մարզիչը հավելեց նաև, որ Թոփալյանը հաճախակի պարտության է մատնել նույն Ռաֆիկ Խլղաթյանին։