Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատական նիստը սկսվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքի քննությունը։
Քոչարյանը նույնպես մասնակցում է նիստին։
Այս պահին մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը ներկայացնում է բողոքը։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Առաջին ատյանի դատարանը քննության առարկա է դարձրել 2018-ի հունիսի ընթացքում քննիչի կողմից կայացված գույքի վրա կալանք դնելու իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, և այդ ընթացքում հանգել է որոշակի հետևությունների։ Եթե դատարանը գնահատում էր այն հանգամանքները, որոնք ձեռք են բերվել գործի քննության հետագա փուլերում, ապա դատարանը նման եզրահանգման գալ չէր կարող։
Դատարանի որոշումն այս պատճառաբանության չափանիշներում չի տեղավորվում։ Մենք բողոքը ներկայացրել էինք այն հիմնավորմամբ, որ քննիչը 2018-ի հունիսին առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու վերաբերյալ մեղսագրում չի ունեցել, սակայն տվյալ փուլում՝ գործի քննության սկզբնական փուլում, քննիչը, ողջամտորեն գործի նյութերից ելնելով, գույքի վրա կալանք դնելու նպատակներից հիմնավորել է հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերը»,- ասաց դատախազը։
Նրա խոսքով՝ հետագայում, երբ փաստվել է, որ գործով քաղաքացիական հայցեր չեն ներկայացվել, և դատական ծախսերը կազմել են շուրջ 900 հազար դրամ, գործի քննության ավարտական և մեղադրական եզրակացությունը հաստատելու փուլում գույքի վրա կալանք դնելու իրավաչափությունը փաստվել է։
Դատախազը նշեց, որ դա հավաստվում է նաև այն հանգամանքով, որ հնարավոր է ապահովել գույքի բռնագանձումը կամ բռնագրավումը և նպատակ է հետապնդում՝ հետագայում գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու համար։ Պետրոս Պետրոսյանը, անդրադառնալով նաեւ Ռոբերտ Քոչարյանի տան խուզարկության ընթացքում վերցված առարկաներին, ասաց, որ հատկանշական են խուզարկության ընթացքում զենքերի հայտնաբերման ուղղությամբ դատարանի պատճառաբանությունները։
Նա նշեց, որ խիստ սահմանափակ շրջանառություն ունեցող առարկաների վերաբերյալ դատարանի պատճառաբանությունները, թե դրանք ինչպես կարող էին անձի կողմից կալանքի տակ գտնվելու պայմաններում իր տնօրինությամբ հանձնվել այլ անձանց, այդ հարաբերությունները շատ համակարգված են զենքի մասին օրենքով։
«Հետևաբար, մենք գտնում ենք, որ Վերաքննիչ բողոքը հիմնավոր է, դատարանի կայացրած ակտը՝ ոչ պատճառաբանված, խնդրում ենք բեկանել առաջին ատյանի դատական ակտը և առաջին ատյանի դատարանի կողմից բերված բողոքը մերժել»,-ասաց դատախազը։
Ներկայացնելով իր դիրքորոշումը՝ դատախազների բերված բողոքի մասին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ գնացել, խուզարկում են կատարել եւ չհրկիզվող պահարանից հանել են 27 000 ԱՄՆ դոլար, սակայն չեն ճշտել, թե ում է այն պատկանում։
Իր տնից հայտնաբերված զենքերի մասին խոսելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այդ զենքերը նվեր են եղել նաեւ տարբեր երկրների ղեկավարների կողմից, ինչպես նաեւ որսորդական զենքեր են, որոնք երբևէ առնչություն չեն ունեցել Մարտի մեկի հետ եւ կապ չունեն այս քրեական գործի հետ։
Իր խոսքի վերջում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ առաջին ատյանի դատական ակտն իրավաչափ է, եւ դատախազության բողոքը ենթակա է մերժման։
Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց, որ իր գրասենյակից առգրավել են փաստաթղթեր, որոնք վկայում են իր գույքի եւ օրինական միջոցների մասին։ Նա նշեց, որ սա մի պրակտիկա է, որ Հայաստանում գոյություն ունի, եւ ինքն ապշում է, թե ոնց կարելի է օրենք խախտել։
Նրա խոսքով՝ «քննիչը երեւի շոկ է ապրել, որ չի գտել 4մ միլիարդ, այլ տեսել է 27 000 դոլար։
Քոչարյանը նշեց, որ մեկ տարի է՝ «իր իրավունքները ոտնահարվում են լկտի ձեւով», եւ ինքը այդ մասին բարձրաձայնելու իրավունք ունի։
Դատարանը լսեց բոլորին, բողոքի քննությունն ավարտվեց։ Որոշումը կհրապարակվի ժամը 16.30-ին։