Վարչապետին հանրագիր է ներկայացվել. պատասխան դեռ չկա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ՀՀ վարչապետին ներկայացրել է հանրագիր, որում մատնանշել են կառավարության մի շարք խնդիրներ և բացթողումներ: Հանրագրում ասվում է, որ ՀՀ բոլոր մարզպետների, Պետական եկամուտների կոմիտեի և քաղաքապետարանի՝ 2018 թվականին հատկացված պարգևավճարները չեն բխում ՀՀ օրենսդրությունից և իրավական տրամաբանությունից։
Այս մասին նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ, իրավաբան Մասիս Մելքոնյանը: Հանրագիրը վերլուծել է 3 ուղղություն՝ պարգևավճարների օրինականության հարցը, կադրային քաղաքականության ձևավորման և տեղեկատվության ստացման խնդիրը և անձնական տվյալների տրամադրման խոչընդոտները:
«Խախտվել են կոնկրետ Պետական պաշտոնների և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի 22-րդ հոդվածը, Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածը և Անձնական տվյալների մասին օրենքի 3-րդ հոդվածը: Հաճախ պետական մարմինները, տեղեկատվություն չտրամադրելու պատրվակով, թաքնվում են օրենսդրական երկիմաստ կարգավորումների հետևում: Այս ընթացքում առնչվել ենք պետական մարմինների հետ, որտեղ հիմնականում հասարակության պահանջներին արձագանքում են ոչ օրենքով կարգավորված եղանակներով, իսկ ՊԵԿ-ը չի պահպանում հրապարակայնության և թափանցիկության սկզբունքը: Հասարակության համար նրանց գործելաոճը հասանելի չէ, իսկ գրավոր ձևով խուսափում են տեղեկատվություն տրամադրել»:
Իրավաբան Մասիս Մելքոնյանի խոսքով՝ հանրագիրը ներկայացվել է 2019 թվականի ապրիլի 26-ին, այն կազմելու համար իրականացվել է ծավալուն աշխատանք, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Մինչդեռ, նրա խոսքով, Հանրագրերի մասին օրենքի համաձայն, հանրագրի քննարկման ժամկետը մեկ ամիս է, ժամկետը երկարացնելու համար պետք է տեղեկացնել հանրագիրը ներկայացնող սուբյեկտին:
Եվ քանի որ ըստ Հանրագրերի մասին օրենքի՝ հանրագրի քննարկման կարգի պատասխանատվությունը կրում է վարչապետի աշխատակազմը, տվյալ պարագայում, ըստ իրավաբանի, ցուցաբերվել է ոչ իրավաչափ վարքագիծ:
Կուսակցության անդամները առաջարկում են վարչապետին իրականացնել ծառայողական քննություն և պետական լիազոր մարմնի կողմից ուսումնասիրություններ, և եթե իրենց բարձրացրած օրենսդրական խախտումները տեղի են ունեցել, կարգապահական բնույթի պատիժներ սահմանել կարգազանց պաշտոնյանների նկատմամբ և տվյալ գումարները վերադարձնել պետական բյուջե. «Կոչ ենք անում, որպեսզի կառավարությունը և վարչապետի աշխատակազմը անեն հետևություններ և տան պատասխան՝ ի վերջո ճիշտ ենք, թե ոչ»: