Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի մրցաշարի 2-րդ մրցանակակիր

Շվեյցարիայում մեկնարկեց Բիլի շախմատային ավանդական եւ հանրահայտ շախմատային փառատոնը:

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հիմնական մրցաշարի մեկնարկից առաջ տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 150 շախմատիստ:

Այդ մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Միխայիլ Անտիպովը: Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը եւ Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Թամիր Նաբաթին 7,5-ական միավորով կիսել են 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստը գրավել է 2-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցող Մանուէլ Պետրոսյանը 6,5 միավորով գրավել է 11-րդ հորիզոնականը:

Հիմնական մրցաշարում կայացած 1-ին տուրից հետո 59 շախմատիստ հաղթանակ են տարել: Դրանց թվում են նաեւ մեր շախմատիստները: Այսօր նախատեսված 2-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կհանդիպի հնդիկ Սանկալպ Գուպկայի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը նույն խաղաքարերով կմրցի կորեացի Յուն Հեոկ Լիի հետ: