Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրկիզվող մեքենաներ ու պայթուցիկներ. աֆրիկական ֆուտբոլի  դաժան  հետեւանքները ֆրանսիացիների համար (տեսանյութ)

Հասարակություն
lion

 Ի՞նչ կարող է  տեղի ունենալ այսօր Ֆրանսիայում, եթե Եգիպտոսում  հաղթի կամ պարտվի  Ալժիրի ֆուտբոլի հավաքականը։   Տարօրինակ մի համարեք այս հարցը։ Ֆրանսիացիները, անվտանգության նկատառումներով, այսօր ավելի շուտ են տուն շտապում։

Ալժիրյան կրքեր

Կիրակի՝ հուլիսի 14-ի  ուշ երեկոյան Լիոնի կենտրոնում փորձում էի թաքնվել ինքնաշեն պայթուցիկներից, որոնք նետվում էին մի քանի  մետրից։

 Բաստիլի գրավման օրվա տոնական շքեղ հրավառությունից  հետո դեպի մետրո շտապողները հայտնվել էին ծխի  մեջ եւ պայթուցիկների թիրախի տակ։

Ալժիրի դրոշներով փաթաթված տղաներն ու աղջիկները վանկարկում էին մայրենի լեզվով, որը, կարծես, լավ բան չէր խոստանում։

Անցորդ մի ֆրանսուհի հարցիս արձագանքեց, թե ալժիրցիները տոնում  են Ալժիրի հավաքականի՝ Աֆրիկայի ազգությունների գավաթի եզրափակիչ մտնելը։ Ֆուտբոլի Ալժիրի հավաքականը Եգիպտոսում հաղթել էր Նիգերիային։  Եզրափակիչ խաղը նախատեսվում  է այսօր՝   հուլիսի 19-ին, Երեւանի ժամանակով՝  ժամը 23-ին:

Բեթթին, այդպես ներկայացավ կինը, խորհուրդ տվեց հնարավորինս արագ մետրո հասնել՝  հիշեցնելով՝ մասսայական ինչ անկարգություններ էին տեղի ունեցել մի քանի օր առաջ, երբ Ալժիրի հավաքականը կրկին հաղթանակ էր տոնել։

Ֆրանսաբնակ ալժիրցիները իրենց թիմի հաղթանակը տոնել էին մեքենաներ հրկիզելով եւ ավտոբուսների ուղղությամբ պայթուցիկներ նետելով։Ոստիկանները շարքով կանգնած էին, բայց չշարժվեցին, երբ ալժիրցիները տարբեր վանկարկումներով անցան նրանց կողքով եւ մտան մետրո։ 

Լիոնում սովորաբար աշխատանքային օրվա ավարտին է  անգամ  դժվար մետրոյի  վագոն  մտնելը, իսկ հուլիսի 14–ին, իրոք, անհնար էր։ Երկու րոպե մեկ ժամանող գնացքներիի մեկնումից հետո կայարանում մարդկանց թիվը, ասես, մնում էր նույնը։ Մոտ 20 գնացք  ճանապարհելուց հետո  վերջապես խցկվեցի եւ «միախառնվեցի» մասսային։  Տոնական օրվա ավարտին մետրոն շնչում էր ալկոհոլով, զույգերի սիրահետումներով, բայց նաեւ անտարբեր հայացքներով։ Հաջորդ կայարաններում հասցնում էի որսալ խցկվել չկարողացողների հիասթափությունը։

 
Ալժիրցիների հախուռն ուրախությունը փոխել էր ավտոբուսների ժամանակացույցը. նրանք նախատեսվածից  մեկ ժամ շուտ էին դադարեցրել աշխատանքը։ Ստիպված էի ոտքով հասնել տուն, որը գտնվում էր  57  վարչական քաղաք-կենտրոն ունեցող  Լիոնի տարածաշրջանի Վիլյորբան քաղաքում։  Այստեղ մեծ թիվ են կազմում ալժիրցիները, որոնք այդ գիշեր շարունակում էին տոնել Ալժիրի հավաքականի հաղթանակը՝ արդեն մեծ արագությամբ մոտոցիկլետ վարելով դատարկ քաղաքում:

Հետգրություն

Գիշերը Ալժիրի հավաքականը, 0։1 հաշվով հաղթելով Սենեգալին, նվաճեց Աֆրիկայի ազգությունների գավաթը։ Ինչպես  եւ սպասվում էր՝  ֆրանսիացիների զգացին հետեւանքը։ Անկարգություններ են եղել   Փարիզում, Լիոնում։ Կան ձերբակալվածներ։