Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131009
A A
Հասարակություն

Դավիթ Գրիգորյանից բացատրություն չենք պահանջելու. ԲԴԽ անդամները կհանդիպեն դատավորի հետ (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր հանդիպելու են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ Այս մասին ԲԴԽ նիստից հետո լրագրողներին ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

«Բացատրություն Դավիթ Գրիգորյանից չենք պահանջելու, հակառակը՝ հանդիպելու ենք, խոսենք, հասկանանք, թե այս գործողությունները որքանով են ազդել նրա վրա՝ որպես դատավորի»։

ԲԴԽ անդամներն այսօր են զանգահարել են Դավիթ Գրիգորյանին և խնդրել հանդիպել։ Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 16։00-ին։

Հարցին, թե նա կապ տեսնո՞ւմ է դատավորի աշխատասենյակը խուզարկելու եւ Ռոբերտ Քոչարյանի գործի միջեւ, Բեքմեզյանը կարճ պատասխանեց։ «Մենք դեռևս ոչ մի գործի հետ կապված կապ չենք տեսնում»։

Հարցին, թե ՀՔԾ-ն պարտավո՞ր էր Դավիթ Գրիգորյանին մեկ օր առաջ ծանուցել, որ նրա աշխատասենյակում խուզարկություն է արվելու, Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց․ «Օրենքն ասում է՝ եթե դատավորի մասնակցությամբ է տեղի ունենում, այսինքն՝ ինքը մասնակցում է դատավարական գործողություններին, ապա այդ դեպքում մեկ օր առաջ պետք է տեղյակ պահեին։ Մեզ որ տեղյակ են պահել, մեզ դատավորի մասնակցության մասին ոչինչ չի ասվել»։

Բարձրագույն դատական խորհրդին Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկության մասին ծանուցում ուղարկել էին մինչև խուզարկությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը Հատուկ քննչական ծառայությունը խուզարկել էր։