Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մանկական այգու այցելուները բողոքում են շների հարձակումներից (տեսանյութ)

Երևանի Մանկական այգու (նախկինում՝ Կիրովի անվան) մի խումբ այցելուներ բողոքում են այգում թափառող շների վարքագծից։ «Ա1+»-ին նրանք հայտնեցին, որ շները հարձակվում են այցելուների վրա, վախեցնում են երեխաներին ու կեղտոտում այն տեղերը, որտեղ իրենց երեխաներն են խաղում։ 

Այցելուներից ոմանք հիշատակեցին ոմն Արմինե Համբարձումյանի անունը, որը զբաղվում է շներին խնամելով, ում հետ էլ իրենք որոշակի խնդիրներ են ունեցել։

«Արմինե Համբարձումյանն է զբաղվում նրանց ստերջացմամբ ու նա է բերում ու այստեղ բաց թողում շների մի մասին»,- նշեց այցելուներից մեկը։

Այս հարցով զրուցեցինք Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ։ Նա ասաց, որ հաճախ են թափառող շների հետ կապված ահազանգեր ստանում և տեղյակ են խնդրի ընդհանուր իրավիճակից, սակայն մասնավոր դեպքերից՝ ոչ։ 

Կարապետյանն ասաց, որ ահազանգեր ստանալուց հետո, տեղեկատվությունը փոխանցում են «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ին։

«ՀՈԱԿ»-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  այգու շների ստերջացման հետ կապված քայլեր կատարվել են։ Տնօրենը նշեց, որ նախկինում Արմինե Համբարձումյանն իրենց հետ կապ հաստատել է, և զբաղվել են որոշ շների ստերջացման հարցերով։ 

Հարցին, եթե մարդկանց վրա հարձակման, կծելու դեպքեր են գրանցվում, ինչպե՞ս է գործում կենտրոնը և ի՞նչ պարագայում է մեկուսացվում հարձակվող կենդանին։ Ըստ նրա, դա արվում է համապատասխան վնասված քաղաքացիների վնասվածքների վերաբերյալ Առողջապահության նախարարության եզրակացության և քաղաքացիների բողոքի պարագայում։ Նա նաև ասաց, որ մոտ ժամանակներս կրկին անդրադառնալու են այգու շների հետ կապված հարցերին։

Մանկական այգու տնօրեն Ստեփան Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս խնդրով բազմիցս դիմել են քաղաքապետարանին, քանի դեռ ՊՈԱԿ-ը չկար։ Մինասյանի խոսքով՝ Արմինե Համբարձումյանն է զբաղվել շների ստերջացման կազմակերպմամբ։ «Արմինե Համբարձումյանն է կազմակերպել, երկու շների տարել են ստերջացրել, բերել են, բայց մնացածն արված չեն»,- նշեց այգու տնօրենը։ 

Մինասյանի խոսքով՝ Երևանի ավագանու կողմից 2011 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված որոշում կա, որով ասվում է, թե մանկական հրապարակներում շների զբոսանքն արգելվում է: «Բայց ժողովուրդը պատճառաբանում է, թե դա մանկական հրապարակ չէ, մանկական այգի է:  Դրա համար վիճելի հարց է»,- շեշտեց նա

Տնօրենը տեղյակ էր նաև այցելուների և կենդանիներին խնամող Արմինե Համբարձումյանի միջև առաջացած խնդիրների մասին։ Հարցին, թե իր մոտեցումն ինչպիսին է այս հարցում, նա պատասխանեց, որ մեծամասնությունն ինչպես կցանկանա․ «Եթե խանգարում են ժողովրդին, պետք է տեղափոխվեն ինչ-որ այլ անվնաս վայր»

«Ա1+»-ը զրուցեց նաև  Արմինե Համբարձումյանի հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ շներն իրենց հանգիստ են պահում:

«Ուղղակի, երբ իրենց հարվածում են, այդ ժամանակ են հարձակվում»:

Իսկ տարածքը աղտոտելու վերաբերյալ նշեց, որ մարդիկ էլ են աղտոտում ու կենդանիների հետևից մաքրելն ավելի հեշտ է, քան մարդկանց: Իսկ բողոքողներն, ըստ նրա, հիմնականում այն մարդիկ են, որոնք ուղղակի շներ չեն սիրում: