Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մահացած զինծառայողի մայրը ցանկանում է կրկին հանդիպել վարչապետին (տեսանյութ)

2007թ-ին Վարդենիսի Կարճաղբյուրի զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն, այսօր կառավարության դիմաց պահանջում էր, որպեսզի վարչապետը հանդիպի իր և չորս այլ մահացած զինվորների ծնողների հետ։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի՝ 2007 թվականին զորամասի կապի հանգույցի մոտ Տիգրան Օհանջանյանը էլեկտրահարվել է և տեղում մահացել: Մայրը պնդում է, որ իր որդուն սպանել են:

Նա  տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը բավարարել էր որդու գործը կասեցնելու դեմ  բողոքը և որոշման մեջ նշել, որ տուժողի իրավահաջորդի խախտված իրավունքները վերականգնեն, սակայն Գոհար Սարգսյանի խոսքերով՝ քննչական մարմիններն այդ որոշումը վերցրել ու ոչինչ չեն արել։

Նրա խոսքով՝ մի տարի առաջ վարչապետն  իրենց ընդունել և ասել է, որ այդ խնդիրն առաջնային է, սակայն անցել է մեկուկես տարի, իրենց որդիների  գործում առաջընթաց չեն տեսնում:

«Մի ամիս առաջ դիմում ենք գրել վարչապետին, որ ուզում ենք ընդունելություն, որ իրեն տեղեկացնենք  այն մասին, որ մեր քրեական գործերում  ոչինչ չի կատարվում։ Մեր քրեական գործով նոր հայտարարություն է  արել քննիչ Արսեն Մովսիսիյանը, որ գտնվել է  կայանը, որը կորել էր 2010 թվականից: Լավ եք արել, որ գտել եք, եթե այդ կայանը հենց այն կայանն է, որը հանդիսանում է հանցագործության գործիքը։ 2009 թվականին դատարանի կողմից արվել է փորձաքննություն, և վճիռ է կայացրել, որ այդ կայանից հոսանք դուրս չէր գա, դե հիմա քննությունը ուրիշ ուղղությամբ տարեք, հիմա որպես սպանություն գործ քննեք»,- ասաց Գոհար Սարգսյանը:

Վերջինս  հարց է ուղղում վարչապետին, թե ի՞նչ սպասեն իրենից ու կառավարությունից  և վերջապես իրենց երեխաների քրեական գործերը պիտի վերջնական ակտ ունենա՞ն, թե՞ ոչ, մեղավորը պիտի պատժվի՞, թե՞ ոչ։

«Ո՞ւր են մեր երեխեքի սպանողները, ինչու չեն պատժվում։ Պահանջում եմ՝ կա՛մ ապացուցեք, որ իմ երեխեն էլեկտրահարվել է, 12 տարի որ քննչական մարմինները հայտարում են, որ կորել են  իրեղեն ապացույցները, կա՛մ սպանություն կատարած անձին ձերբակալեք, թող իր պատիժը ստանա։  2018  թվականին, երբ ընդունելություն էր, Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ եթե քննչական մարմինները ոչինչ չանեն, գործը կտեղափոխենք ԱԱԾ, բա ուր ա՞, պարոն վարչապետ։  Մի ամիսն անցել է, տեսնենք՝ ընդունելո՞ւ է, թե՞ չէ։ Հանդիպենք, միգուցե ասում է՝ սպասեք, պարգևատրել եմ, որ ձեր քրեական գործերը բացահայտում ունենան, կարող է՝ դա էլ է ասում», ասաց Գոհար Սարգսյանը։