Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քաղավիացիայի կոմիտեն չի որոշում ավիատոմսերի գները. Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ)

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի ասուլիս էր հրավիրել` ամփոփելու իր պաշտոնավարման մեկ տարին։

Ռևազյանը անհանգստություն հայտնեց, որ կոմիտեի գործառույթի մասին սխալ ընկալում կա, և որ կոմիտեն չի որոշում ավիատոմսերի գները։ Կոմիտեի գործառույթը հիմնականում կայանում է նրանում, որ այն կանոնակարգում է օդային տրանսպորտի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին և ապահովում է  թռիչքային անվտանգություն։

Տաթևիկ Ռևազյանը, խոսելով այն մասին, որ մամուլում շատ է խոսվում իր կատարած ճանապարհորդությունների մասին, ասում է, որ դրանք նպաստել են ավիաոլորտում կրթության զարգացմանը.

«Թռիչքային անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար շատ կարևոր է կրթությունը: Հաշվի առնելով, որ մենք այն պետությունը չենք, որ կարողանանք աջ ու ձախ փող ծախսենք՝ շատ կարևոր է, որ մենք ուսման համար անվճար տեղեր ունենանք: Իմ ճամփորդությունների արդյունքում ես կարողացել եմ ձեռք բերել նման պայմանավորվածություններ Սինգապուրի, Չինաստանի և ավիացոն այլ դպրոցների հետ  տարբեր երկրներում»,-ասաց քաղավիացիայի կոմիտեի նախագահը:

Անդրադարձ եղավ նաև փոքր ավիացիայի զարգացմանը: Կոմիտեի նախագահի խոսքով՝ այն այնքան էլ հրապուրիչ չէ ներդրողների համար: Այդ ոլորտը պետք է զարգացնեն այն մարդիկ, ովքեր իսկապես սիրում են զբաղվել ավիացիոն գործունեությամբ.

«Մեզ տեղեկացրել են, որ Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի, բայց մնացած օդանավակայանները շատ վատ վիճակում են»,- հավելեց Տաթևիկ Ռևազյանը: