Մարզերում կստեղծվեն ՄԻՊ գրասենյակի ստորաբաժանումներ
Աջակցիր «Ա1+»-ինՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում էր:
Այսօր հանձնաժողովի աշխատանքային հերթական քննարկմանը պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2020 թվականին իրականանացվելիք աշխատանքները:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս քննարկումները նոր ֆորմատ են, եւ մինչ 2020 թվականի բյուջեի հաստատումը յուրաքանչյուր հանձնաժողով հրավիրելու է իր ոլորտի կառույցներին՝ ներկայացնելու 2020 թվականի ծրագրերը:
2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կշարունակի աշխատանքներ իրականացնել ինչպես անհատական բողոքների քննարկման մակարդակում, այնպես էլ համակարգային հարցերի լուծմանը նպաստելու առումով:
«Հաշվի առնելով, որ զգալիորեն մեծացել է վերջին երկու-երեք տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ ներգրավվածությունը երկրի իրավական համակարգում, պատրաստվում ենք այդ աշխատանքերը ավելի մեծացնել եւ այդ ուղղությունները ֆիքսել հետեւյալ հիմնական հարցերի վրա: Մարդու իրավունքների պաշտպանը երկրում այն բացառիկ հաստատությունն է, որ ունի միջազգային ուղիղ կոնֆենցիաներով նախատեսված կարգավիճակներ: Այդ կարգավիճակներից, իհարկե, առաջինը վերաբերում է խոշտանգումների կանխարգելմանը: Գործարարության պաշտպանությունը առաջնահերթ ուղղություններից է լինելու: Նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների իրավունքների պաշտպանության բաժիններ կստեղծվեն»,-ասաց Արման Թաթոյանը:
Հաջորդ քայլը մարզերում ստորաբաժանումներ ստեղծելն է: Այս պահին, ըստ Արման Թաթոյանի, մարդու իրավունքների պաշտպանն ունի երեք մարզային ստորաբաժանում՝ Գեղարքունիքի մարզում, Սյունիքի եւ Շիրակի մարզերում:
«Առաջնահերթ, թիրախային, կարելի է ասել, Տավուշի եւ Լոռու մարզերն են: Ասեմ, որ քանի որ դեռ քննարկումներ են ընթանում, բայց հնարավոր է, մինչեւ անգամ 2020 թվականի բյուջեի հաստատումը՝ մենք ստեղծենք Տավուշում մարզային բաժին:Այս պահին դեռ ստեղծված չէ, քննարկումներն ընթանում են, մենք նաեւ նախատեսում ենք արագ արձագանքման գործառույթը էլ ավելի ուժեղացնել: Շուրջ երկու տարի է՝ բոլորովին նոր համակարգ է գործում, մասնավորապես՝ շուրջօրյա թեժ գիծը որ կար, հիմա համալրվել է ձայնագրող հատուկ սարքով, որը ընդունող զանգերը բոլորը ձայնագրում է»:
Արման Թաթոյանը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի ելքային զանգերը նույնպես ձայնագրվեն, որն արվելու է վերահսկողության նպատակներով: