Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130891
A A
Հասարակություն

Երևանում կառուցվող նոր կայանի էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ավելի ցածր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը: Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական պետական «Սիմեստ» և գերմանական «Սիմենս» ընկերությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ:

Վարչապետին տեղեկացվել է, որ շինարարության փուլում կներգրավվի 1000-1200 մարդ՝ 250-300 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ շահագործման ընթացքում կստեղծվի շուրջ 230 աշխատատեղ:

Կայանի օգտակար գործողության գործակիցը նախատեսվում է հասցնել 53 տոկոսի: Ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնի հետ համեմատած՝ նոր կայանի էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ավելի ցածր՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար:

«Ռենկո» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին լրագրողների հետ զրույցում ասաց, որ, առաջին աշխատանքներն այս նախագծի իրականացման ուղղությամբ սկսել են 2016 թվականին և հպարտությամբ են խոսում դրա մասին։

«Սա մեր ամենամեծ նախագիծն է Հայաստանում և ամենառազմավարական։ Ասեմ, որ սա մեր ամենամեծ ներդրումն է լինելու Հայաստանում, չնայած ասեցի, որ մենք՝ 20 տարի է, որ մեր գործունեությունը ծավալում ենք Հայաստանում, բայց սա վերջը չի լինելու, մենք նախատեսում ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանում առաջիկա 30-40 տարիների ընթացքում»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, խոսելով նոր կառուցվող էլեկտրակայանի մասին, ասաց, որ այն կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար, խոսքը գնում է, ոչ թե Հրազդանի 5-րդ բլոկի, այլ Հրազդանի ՋԷԿ-ի մասին, որն արդեն բավականին հին կայան է՝ շատ ցածր օգտակար գործողության գործակցով։ Բացի դա՝ արտադրում է բավականին թանկ սակագնով։

«Հայաստանում ամենաարդիական կայանն է լինելու։ Այն չորս տոկոսով ավելի բարձր օգտակար գործողության գործակից ունի, որը նշանակում է, որ 1 կվտ ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար այն ավելի քիչ վառելիք է ծախսում և բնականաբար՝ ավելի էժան է ստացվում»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։