Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավետիք Իշխանյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

Պահանջը մեկն է եղել՝ վերացնել մահապատիժը. Ավետիք Իշխանյանը՝ մահապատժի դատապարտվածների մասին

2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց հրամանագիր, ըստ որի՝ մահապատժի դատապարվածների պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ։ Խորհրդարանական վեհաժողովի Թիվ 221 կարծիքի հոդված 13-ի համաձայն՝ Հանրապետությունը Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններից մեկով ներպետական օրենսդրությունում փոփոխություն կատարեց: Ըստ այդ փոփոխության՝ անդամակցությունից հետո մեկ տարվա ընթացքում ընդունված Քրեական oրենսգրքի երկրորդ (հատուկ) մասով դե յուրե վերացվեց մահապատիժը:

Քոչարյանի ստորագրած հրամանագրի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:  

 

2003 թվականին ուժի մեջ մտավ ներկայումս գործող Քրեական օրենսգիրքը  

«Հայաստանը, նոր Քրեական օրենսգիրքն ընդունելով, մահապատիժը դե յուրե վերացրեց»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանն ասաց, որ մահապատիժը վերացնելուց հետո, թե որքան պատիժ կտրվեր մահապատժի դատապարտվածներին՝ արդեն իսկ տվյալ պետության ներքին խնդիրն էր: Իսկ առողջ տրամաբանությունը, ըստ իրավապաշտպանի, ենթադրում էր,  որ պետք է մահվան դատապարտյալների գործերը վերանայվեին.

«Տարբեր երկրներ տարբեր ձևով գնացին այդ ուղղությամբ: Օրինակ՝ Վրաստանում, Էստոնիայում նրանց պատիժը, եթե չեմ սխալվում, փոխարինվեց 15-20 տարի պատժաչափով, և մեծ մասամբ բոլորն ազատ արձակվեցին»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Եվրախորհրդի կողմից պայման չկար դրված, թե մահապատժի դատապարտվածները պետք է ցմահ բանտարկություն կրեն:  «Դա  կատարվեց Հայաստանի իշխանությունների որոշումներով, հրամանագրով»,- նշեց մեր զրուցակիցը:

«Պահանջը մեկն է եղել՝ վերացնել մահապատիժը: Իսկ եթե մահապատիժը վերացնում ես՝ մինչ այդ մահապատժի դատապարտվածների գործերը պետք էր վերանայել, բայց ինչ պատժաչափ պետք է տրվեր, դրա մասին Եվրոպայի խորհուրդը չի խոսել»:

 

Քոչարյանի հրամանագրով օրենք խախտվե՞լ է, թե՞ ոչ

Հարցին՝ արդյո՞ք Քոչարյանի որոշմամբ օրենք է խախտվել է, թե՝ ոչ, իրավապաշտպանը պատասխանեց. «Ենթադրենք՝ ՔՕ-ի ուժի մեջ մտնելուց հետո, եթե դատարանները վերանայեին բոլոր (եթե չեմ սխալվում) 42 մահապատժի դատապարտվածների գործերը, ապա տեսականորեն, եթե բոլորին էլ ցմահ ազատազրկում տային, դա չէր համարվի ոչ օրինական»:

Սակայն Իշխանյանի խոսքով՝ դատարանները պետք է յուրաքանչյուր դատապարտյալին անհատական քննեին: «Բայց ինչ կատարվեց Հայաստանում: ՀՀ նախագահն իր հրամանագրով ներում շնորհեց մահվան դատապարտվածներին, և իր իսկ հրամանագրով նրանց տվեց ցմահ ազատազրկում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս կերպ առաջ եկավ իրավաբանական կազուս:

Կազուսը, Հելսինկյան կոմիտեի նախագահի խոսքով, հետևյալն է. եթե մահվան դատապարտվածներին ներում է շնորհվում, ապա պետք է գործեր նախկին Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ եթե մահվան դատապարտվածին ներում է շնորհվում, ապա նրա պատժաչափը դառնում է 15-20 տարի:  «Իսկ ներումից հետո մահվան դատապարտվածների պատժաչափը պետք էր դարձնել 15-20 տարի, ոչ մի դեպքում ցմահ չտալ»:

«Եթե առանց գործադիր իշխանության, նախագահի միջամտության դատարանները վերանայեին, գուցե դատախազության միջնորդությամբ, բոլորի գործերը, նրանց բոլորին տային ցմահ ազատազրկում, այստեղ իրավական կազուս չէր լինի»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը: