Նախկին դատավորի գործով վկայի նախաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստի ժամանակ շարունակվեց առանցքային վկա Բենիկ Հարությունյանի հարցաքննությունը:
Պաշտպանական կողմը նախորդ նիստին միջնորդել էր, որպեսզի հրապարակվեն վկայի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները, քանի որ դրանցում կան էական հակասություններ: Միջնորդությունը բավարարվել էր, և այսօր դրանք հրապարակվեցին, որից հետո պաշտպանական կողմը հակասությունների վերաբերյալ հարցեր տվեց վկային։
Մասնավորապես, Գագիկ Հեբոյանի պաշպան Արմեն Նադիրյանը վկա Բենիկ Հարությունյանին ասաց, որ նա հրապարակված ցուցմունքներում նշել է, որ իր կողմից է առաջարկը եղել, որ երբ պետական տուրքից ազատելու մասին խոսակցություն է գնացել, Հարությունյանն է ասել՝ ո՞նց լավության տակից դուրս գա, ո՞նց վարձահատույց լինեմ:
«Բայց նախորդ հարցաքննության ժամանակ Դուք կատեգորիկ դա բացառեցիք, որ նման բան չի եղել: Հիմա նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, որ ասել եք՝ ոնց վարձահատույց լինեմ, ինչպե՞ս լավության տակից դուրս գամ»,- հարցրեց փաստաբանը:
Արձագանքելով՝ վկան ասաց, որ եթե ասել է, թե ինչպես կարող է այդ լավության տակից դուրս գալ, դա չի նշանակում կաշառք առաջարկել, իսկ վարձահատույց լինելու մասին վկան ասաց, որ խոսք չի եղել:
Այնուհետև փաստաբանը հետաքրքրվեց, թե արդյոք վկա՞ն է իր մտքերը շարադրել, թե՞ ինչ-որ մեկը շարադրել է, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ դրանք իր մտքերն են: Իսկ երբ փաստաբանը փաստեց, որ նա իր ցուցմունքում վարձահատույց բառն օգտագործել է, վկան ասաց.
«Հնարավոր է, որ մի բառ էլ ավել եմ գրել, վարձահայատուց բառը նկատի չեմ ունեցել՝ գումարի տեսքով, եթե գրել եմ, գրել եմ ՝ նկատի ունենալով նույն հանգամանքը»,- ասաց Բենիկ Հարությունյանը:
Վկայի հարցաքննությունից հետո դատարանը պետք է անցներ ամբաստանյալների հարցաքննությանը, սակայն և՛ Գագիկ Հեբոյանը, և՛ Վահագն Դանիելյանը ժամանակ խնդրեցին՝ հարցաքննությանը պատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա հուլիսի 18-ին:
Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ.մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Իսկ Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:
Մանրամասները՝ տեսանյութում