Ստերջացված շները պետք է «որդեգրվեն» կամ տեղափոխվեն կացարաններ, այնինչ..... (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ից Հայաստան վերադարձած Հրանտ Դավոյանը, որը ԱՄՆ-ում աշխատել է որպես անասնաբույժի օգնական, նշում է, որ մայիսին, աշխատելով Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ-ում, բացահայտել է բազմաթիվ խնդիրներ՝ կապված շների պահպանման և սանիտարահիգիենիկ պայմանների հետ: Նրա խոսքով՝ շների համար նախատեսված վանդակները սխալ է ընտրված, ինչպես նաև հաստատությունում չի եղել սառնարան՝ անհրաժեշտ դեղորայքը պահպանելու համար:
«Աշխատանքային առաջին օրը, նկատեցի, որ չկար կարանտինի համար նախատեսված սենյակ, նաև շատ էին լեշմանիոզով վարակված շներ, որոնց չի կարելի խառնել առողջ շների հետ : Ես նրանց ասացի, սակայն մինչև այսօր այդ սենյակը դեռևս չկա»:
Մասնագետը նշում է, որ շների համար նախատեսված վանդակները պետք է բավական բարձր լինեն, որպեսզի շները կարողանան ազատ պտույտ կատարել և կանգնել, սակայն, հաճախ հաստատությունում վիրահատությունից հետո շներից մեկը քնած ժամանակ ընկել է մյուսի վրա, որի պատճառով մի շունը վնասել է մյուսին:
Հրանտ Դավոյանը տեղեկացրեց նաև, որ ստերջացումից հետո շները պետք է գնան կացարան կամ «որդեգրվեն»: Սակայն ՀՈԱԿ-ը շներին ազատ է արձակում և շատ անգամ վիրահատական ցավերի ժամանակ շները վնասում են կարերը և խնդիրը ավելի է բարդանում:
Մասնագետի խոսքով, դեռ աշխատանքի ընթացում նկարներ և տեսանյութեր է ուղարկել քաղաքապետին և տեղեկացրել ստեղծված իրավիճակի մասին, սակայն նամակը անպատասխան է մնացել: Չհաշտվելով ներկա վիճակի հետ, երեկ դիմել է քաղաքապետարան՝ քաղաքապետին հանդիպելու համար։ Պատասխան Հրանտ Դավոյանը դեռ չի ստացել: