Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-SyNECPaYPX
A A
Հասարակություն

«Սասնա ծռերի» գործով նիստը դարձյալ հետաձգվեց՝ մեղադրյալի առողջական խնդիրների պատճառով

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող «Սասնա ծռերի»-ի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստի ժամանակ խմբի անդամ  Արմեն Բիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց նրան կալանքից ազատ արձակելու միջնորդություն:

Փոստանջյանը նշեց, որ գործը տևական ժամանակ է՝ քննվում է, մինչդեռ Արմեն Բիլյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ կալանավորումը կախված չէ գործի քննության ժամկետներից:

«Այն հստակ հիմքեր ունի և  կարող է կիրառվել այնքան, մինչեւ դատարանը գործի քննությունը հասցնի ավարտին: Չեն ներկայացվել նոր հանգամանքներ, որոնք հնարավորություն կտային այդ միջնորդությունը հիմնավորված համարել: Նույն փուլում նույն հիմնավորումներով ներկայացված միջնորդությունը, կարծում եմ, ենթակա է առանց քննության թողնելու»,- ասաց դատախազը:

Իսկ դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ մեղադրյալներից մեկի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն քննել:

Տեղեկացնենք, որ  այսօրվա նիստին չէր մասնակցում մեղադրյալ Մխիթար Ավետիսյանը՝ վիրահատված լինելու պատճառով:

Այդ հանգամանքից ելնելով՝ դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց  հունիսի 24-ին:

Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռերի» գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ մեղադրյալների առողջական խնդիրների պատճառով: