Այս տարվա առաջին կիսամյակում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 152 հոգի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրային տրանսպորտի պայթյուն, մարդկային զոհեր. ովքե՞ր են ողբերգական ավտովթարի մեղավորներն ու պատասխանատուները» թեմայով քննարկում տեղի ունեցավ։
Բանախոսներն էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ – մայոր Վրեժ Գաբրիելյանը, «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը, «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, Արարատի մարզպետարանի ՔՇՎ ՏՃ բաժնի ավագ մասնագետ Արմենակ Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ԱՏ ՔՎ պետի տեղակալ Արման Կարապետյանը։
Երևան-Երասխավան տրանսպորտային ողբերգական պատահարին անդրադառնալով՝ Արման Կարապետյանն ասաց, որ պատճառը երթևեկության կանոնների խախտումն էր՝ անկախ նրանից, թե երթուղայինն ինչ մակնիշի էր և ինչ վառելիքով էր աշխատում։
Վրեժ Գաբրիելյանի խոսքով՝ միայն 2019թ․առաջին կիսամյակում Հայաստանում տեղի է ունեցել 2108 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 152 և տուժել՝ 2996 մարդ։
Փրկարար ծառայության տնօրենն ասաց, որ պետք է ուշադրություն դարձնել թե՛ ճանապարհների սարքին լինելուն, թե՛ ինչ փոխադրամիջոց է ներկրվում, ինչպես նաև երթևեկության կանոնների պահպանմանը։
«Էքսպերտ Թեչ»-ի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի կարծիքով՝ չի կարելի պնդել, որ եթե մեքենան դիզելով կամ բենզինով լիներ, հրդեհ չէր լինի, ավելին՝ նա շեշտեց, որ բենզին կամ դիզել մարելն ավելի դժվար է։
Կարեն Չիլինգարյանի համոզմամբ՝ խնդիրները գալիս են դեռևս խորհրդային ժամանակներից, երբ մարդիկ գումարով վարորդական իրավունք էին ստանում։
Սպառողների խորհրդատվական կենտրոնի ղեկավարը նշեց նաև, որ ՃՏՊ-ների հարցում պետք է ուշադրություն դարձնել ճանապարհային ոստիկանության ու տրանսպորտի թերացումներին և վերացնել դրանք։
Ըստ Արմենակ Հակոբյանի՝ մեքենան համապատասխան տեխնիկական ստուգում անցած է եղել և համապատասխանել է պահանջներին, իսկ վարորդը եղել է կազմակերպության լավագույն վարորդներից մեկը։ Ըստ նրա՝ պետք է սպասել քննության ավարտին՝ վերջնական գնահատական տալու համար։
Արման Կարապետյանը հայտնեց, որ ծրագրեր են մշակվում՝ մարզային տրանսպորտի հետ կապված և նախատեսվում է միասնական մարզային նոր երթուղի հիմնել։