Բացել լրահոսը Փակել լրահոսը
nkar
A A
Հասարակություն

Կարևոր է դատական սեքսոլոգիայի զարգացումը. սեքսապաթոլոգ (տեսանյութ)

Սեռական բռնության կանխարգելման համար շատ կարևոր է հասարակության իրավագիտակցության բարձրացումն ինչպես երեխաների, այնպես էլ չափահասների շրջանում, կարծում է սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ սեռակրթությունը միայն բժշկական խնդիր չէ, այն ավելի շատ մանկավարժական և սոցիալական խնդիր է և պահանջում է մասնագետների համակարգված աշխատանք։

Ուստի, մասնագետի կարծիքով՝ պետք է ուսումնասիրել հասարակության պահանջմունքները և մասնագետների համատեղ խորհրդակցությունների և քննարկումների միջոցով ստեղծել մասնագիտական ձեռնարկ, որը հնարավորինս անխոցելի կլինի և հետագայում այլ խնդիրներ չի առաջացնի։ Նա համոզված է, որ սեռակրթության ժամանակ տեղ գտած բացթողումները կարող են սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ։

 «Շատ կարևորում եմ ծնողի կրթությունը, քանի որ միայն այդ պարագայում նա կարող է հաշվի առնել երեխայի պահանջմունքները և առանձնահատկությունները։ Այդ իսկ պատճառով ծնողը երեխայի մանկական տարիքում պետք է առավել ուշադրություն ցուցաբերի նրա նկատմամբ»։

Մասնագետի կարծիքով՝ բռնության ենթարկված անձինք շատ անգամ չեն բարձրաձայնում, ինչը հետագայում  առավել մեծ խնդիրներ է առաջացնում։ Մինչդեռ մասնագետի հետ վերականգնողական թերապիաները կարող են օգնել անձին հաղթահարել բռնության հետևանքով առաջացած հոգեբանական և սեռական տարատեսակ խնդիրները։

Մասնագետի կարծիքով՝ սեռական բռնության կանխարգելման առումով կարևոր է նաև  դատական սեքսոլոգիայի զարգացումը։

«Շատերի համար նորություն է, որ գոյություն ունի դատական սեքսոլոգիա կամ կրիմինալ սեքսոլոգիա գիտության ճյուղը։ Այն  բժշկագիտության ճյուղ է, և դրա ուսումնասիրման  խնդիրների մեջ մտնում է սեռական բռնությունների և հանցագործությունների հետ կապված իրավիճակների փորձաքննությունը, ինչպես նաև կանխարգելումը։ Երբեմն իրավապահ մարմինների մոտ քննվող գործերի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում իրականացնել դատասեքսոլոգիական փորձաքննություն։ Եվ երբ իրականացված փորձաքննության ժամանակ հանցագործությունը փաստվում է, հարուցվում է քրեական գործ, և իրականացվում են միջոցառումներ»,- ասում է նա։