Իրավապաշտպանները թերահավատ մոտեցում ունեն քննչական կոմիտեի հնարավոր նոր գործառույթի ավելացման նկատմամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեդիա Կենտրոն» մամուլի ակումբում տեղի է ունենում «Խոշտանգումներից զերծ լինելու իրավունք. ՀՔԾ-ից խոշտանգման քննության լիազորության փոխանցումը Քննչական կոմիտեին» թեմայով քննարկում, բանախոսներն են՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հելսինկյան կոմիտեի փաստաբան, իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը։
Ռևազյանը ասաց, որ դեմ է, որ խոշտանգման քննության լիազորությունը փոխանցվի քննչական կոմիտեին։
Նա հարցադրում արեց՝ իսկ եթե ՀՔԾ-ի քննիչը պաշտոնազանցություն անի, ո՞վ է քննելու նրա գործը, ԱԱ՞Ծ-ն։ Իրավապաշտպանն ասաց, որ այս պարագայում Ազգային անվտանգության ծառայությունն ավելի «սուպեր» կառույց կդառնա։
Նրա համոզմամբ՝ Հատուկ քննչական ծառայությանը պետք է տրվի ավելի մեծ լիազորություն, մասնավորապես օպերատիվ հետախուզություն իրականացնելու գործառույթը։
Քննչական կոմիտեն, ըստ Հելսինկյան կոմիտեի փաստաբանի, առանց այն էլ թերացումներով է գործում։
Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ Քննչական կոմիտեի ձևավորումը պայմանավորված է եղել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անձով։ Հարությունյանը նույնպես այն կարծիքին է, որ քննչական կոմիտեն թերություններով է գործում։
Ռևազյանը հարցադրում արեց, թե արդյոք երբևէ ոստիկանությունում խոշտանգման դեպքով որևէ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության ենթարկվե՞լ է, կամ երբևէ ոստիկանապետ հրաժարական տվե՞լ է։
Դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ առաջարկում են Քննչական կոմիտեի ղեկավարի նշանակման այլ գործիքակազմ, Հարությունյանը հարցադրում արեց, թե որտե՞ղ է այն և արդյո՞ք իշխանությունները հաշվի կառնեն մասնագետների դիտարկումները։
Ըստ նրա՝ իշխանությունները արձակուրդների ընթացքում կհաստատեն օրինագիծը, և այն ուղղակի կդառնա «սեղանին դրված փաստաթուղթ»։
Ռևազյանը, անդրադառնալով քննչական կոմիտեի «առավել անկախացմանը», հարցադրում արեց, թե ո՞ւմից պետք է անկախ լինի, և Քննչական կոմիտեն ավելի անկախ կլինի՞, քան Հատուկ քննչական ծառայությունը։
Հարցին, թե ինչպես ապահովել Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի առավել անկախությունը վարչապետից ու դատախազությունից, Հարությունյանն ասաց, որ կառույցների ղեկավարների ընտրությունը պետք է կատարվի հատուկ խորհուրդների կողմից, որոնք կազմված կլինեն թե՛ Ազգային ժողովի կազմից, թե՛ քաղհասարակությանն համապատասխան մասնագետներից։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավարի խոսքով՝ երկու կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին։